Քարոզչության առարկա

Քարոզչության առարկա
Երեկ՝ մինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ազգային ժողովում ընթանում էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ ԱԺ խմբակցությունների հանդիպումները Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ, որն առաջարկում է կառավարությունը։ Առաջին հանդիպումն ամենամեծ՝ ՀՀԿ խմբակցության հետ էր, որը սպասվածից ավելի երկար տեւեց։ Հանդիպումից հետո ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանը, որը թեեւ ԱԺ պատգամավոր չէ, սակայն լիազորված է կուսակցությունից այս թեմայի շուրջ բանակցելու, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտահոգություններ ունի նոր ԸՕ նախագծի հետ կապված, իսկ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը համարում է սխալ եւ հապճեպ որոշում։



«Ես անձնական կարծիք կարող եմ ասել, որովհետեւ դեռ կուսակցական որոշում չունենք։ Ես ավելի քան վստահ եմ, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանություն, լինեն ընդդիմություն, նորից պայքարեն իշխանության համար եւ նորից ընտրվեն, դառնան մեծամասնություն։ Ես կարծում եմ, որ այն կուսակցությունը, որն իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում-գնում ա, դա արկածախնդիրների կուսակցություն ա։ Ես կարծում եմ, որ կուսակցությունը, որը չի պայքարում իր ասելիքն ասելու համար, չունի ասելիք»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ինքը ՀՀԿ-ին անդամակցել է, որովհետեւ համարել է, որ ՀՀԿ-ն ունի քաղաքական դիրքորոշում մեր երկրի համար կարեւորագույն հարցերում։ Սարգսյանն ասաց, որ առաջարկներ կան, որոնք իրենց համար ընդունելի չեն, ինքը կոնցեպտուալ սխալ է տեսնում Ընտրական օրենսգիրքը հապճեպ փոխելու մեջ եւ կարծում է, որ դա ոչ մի լավ բանի չի բերի։



Այստեղ նա հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, որ Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո ժամանակ է պետք, որպեսզի կուսակցություններն այդ օրենսգրքով պատրաստվեն ընտրությունների։ Նա ներկայացրեց իր վարկածը, թե ինչու է կառավարությունը հապճեպ բերում այս նախագիծը։ «Որպեսզի այն չանցնի, եւ այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի եւ քարոզչության մի առարկա… Այսինքն՝ իմ մոտ տպավորություն կա, որ կառավարությունն ուզում ա այս նախագիծը բերելով՝ կատարած լինի իր նախընտրական խոստումը, այնուհետեւ ձեռները լվա, ասի՝ դե, ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**