Պատկան մարմիններին խնդրում եմ արձագանքել

Պատկան մարմիններին խնդրում եմ արձագանքել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին, երեկ բուռն քննադատությունների տեղիք տվեց։ Համացանցում արդեն հիասթափություն եւ զայրույթ արտահայտող մեկնաբանություններ են արվում Փաշինյանի այս որոշման վերաբերյալ, թե ինչու է նա Սերժ Սարգսյանի ռեժիմի սպասարկուներին պաշտոնների նշանակում։ Բանը հասավ նրան, որ երեկոյան արդեն սյունեցիները Պողոսյանին դիմավորեցին նրա առաջ ճանապարհ փակելով եւ բողոքի ցույց անելով։ Թեպետ դեռ հարց է՝ զուտ գործնական առումով սա սխա՞լ որոշում է, թե՞ ոչ։ Այսինքն՝ միանգամայն հավանական է, որ Հունան Պողոսյանն ավելի լավ մարզպետ կլինի եւ ավելի պրոֆեսիոնալ կաշխատի իր պաշտոնում, քան, օրինակ, «ՔՊ» թիմից նշանակված Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կարեն Սարուխանյանը եւ «ՔՊ»-ական մյուս մարզպետները, որոնց գիտելիքների ու պրոֆեսիոնալիզմի մակարդակին հանրությունն արդեն հասցրել է ծանոթանալ։ Ամեն դեպքում, Հունան Պողոսյանի նշանակումը քաղաքական իմաստով հանրությունը ոչ մի կերպ չի կարողանում ընկալել։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ փորձեց բացատրել ու այդպիսով նաեւ արդարանալ, թե ինչու է նման որոշում կայացրել։ Նա նշեց, որ չպետք է թույլ տալ, որ մեր երկրում զարգանա քաղաքական ռասիզմը, եւ որ հեղափոխությունից հետո մեր երկրում որեւէ մեկի կյանքը չպետք է ավարտված համարել։ Դրա համար էլ որոշել են քանդել կառուցած բարիկադներն ու աշխատել նաեւ նրանց հետ, ովքեր բարիկադների մյուս կողմում են եղել։ Իսկ Պողոսյանը, ինչպես նկատեց վարչապետը, հենց բարկադների մյուս կողմում է եղել։ Հենց Պողոսյանի՝ փոխոստիկանապետ եղած ժամանակ Էրեբունու փողոցից առեւանգեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա ընկերներին։ Բայց Նիկոլ Փաշինյանը մոռացել է դրանք եւ այս քայլերով փաստացի «զադնի» է դնում այս օրերին իր թիմի կողմից նախկին իշխանավորների հանդեպ ձեւավորված ատելության մթնոլորտից ու հող է նախապատրաստում ապագայում ՀՀԿ-ականների հետ համագործակցելու համար, քանզի ակնհայտ է, որ կադրերի սղություն ունի, եղած կադրերն էլ տեսնում ենք, թե պրոֆեսիոնալ առումով ինչ մակարդակի վրա են։



ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման արդեն նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից երեկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է վարչապետի այս տարօրինակ որոշման կապակցությամբ, ասաց․ «Կարծում եմ՝ բոլոր պարզաբանումները վարչապետի կողմից տրվեցին, ու հավելյալ պարզաբանման կարիք պարզապես չեմ զգում»։



**-Օրինակ՝ Հունան Պողոսյանի խոշոր կարողությունը, որ համարժեք չէ իր ստացած աշխատավարձին, հնարավո՞ր է քննության առարկա դառնա ապօրինի հարստացման տեսանկյունից։**



-Եթե կա Հայաստանում պաշտոնյա կամ որեւէ անձ, ում հարստությունը խնդիր է առաջացնում, ապա ցանկացած պահի կարող եք Ձեր լրագրողական իրավասությունների շրջանակներում դիմել պատկան մարմիններին ու հետաքննություն անցկացնել։



**-Հետաքննություն անցկացրել են ու պարզել, որ նա իր աշխատավարձը 19 անգամ գերազանցող եկամուտ է հայտարարագրել։ Սա Ձեզ մոտ՝ որպես նոր Հայաստանի պաշտոնյա, հարց առաջացնո՞ւմ է, թե որտեղից նրան այդքան կարողություն։**



-Այսինքն՝ Դուք հիմա նշում եք, որ, ըստ էության, ուսումնասիրություն է կատարվել ու պարզվել է, որ էդտեղ կան ոչ օրինական հարստացման…



-**Հայտարարագիր է ներկայացրել դրա վերաբերյալ։**



-Կարծում եմ՝ ես չպիտի որ դրան հիմա գնահատական տամ։ Այն, ինչ Դուք հնչեցրիք, կարծում եմ՝ սա պատկան մարմինների կողմից արդեն լսելի է, խնդրում եմ արձագանքեն։



**-Պարոն Պապիկյան, Ձեր թիմում չկա՞ր համարժեք մեկը, որը կկարողանար դառնալ Սյունիքի մարզպետ։**



-Ես կարծում եմ՝ վարչապետն արդեն ներկայացրեց, որ վերաբերմունքն այսուհետ նման պաշտոնյաներ նշանակելու, դա զուտ թիմային սկզբունքի հիման վրա չէ։



**-Բայց Հունան Պողոսյանը հեղափոխության մասնակիցների, ակտիվիստների դեմ զորք ուղարկողներից է եղել։**



-Վարչապետը նշեց, որ բարիկադի մյուս կողմում եղել են, այո, պաշտոնյաներ, ովքեր կատարել են իրենց պաշտոնական լիազորությունները։ Իսկ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր շրջանցել են իրենց պարտականությունները, բնականաբար, օրենքի առաջ միշտ պատասխան են տալիս։



**-Նա չի՞ շրջանցել օրենքը որեւէ կետով, որեւէ խախտում թույլ չի՞ տվել։**



-Ես նման դրվագի չեմ տիրապետում։



**-Բայց նա նախկին ռեժիմին է ծառայել, Սերժ Սարգսյանի հրահանգներն է կատարել։**



-Մենք չենք առաջնորդվում քաղաքական ռասիզմով։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**