Կառավարությունն ուզում ա այս նախագիծը բերի, այնուհետև ձեռները լվա, ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց

Կառավարությունն ուզում ա այս նախագիծը բերի, այնուհետև ձեռները լվա, ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց
Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Արարատ Միրզոյանի և ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումը։ Հիշեցնենք, նրանք հանդիպել էին քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որն առաջարկում է կառավարությունը։ Հանդիպումից հետո ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանը լրագրողների զրույցում ասաց, որ մտահոգություններ ունի նոր ԸՕ նախագծի հետ կապված, իսկ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը համարում է սխալ և հապճեպ որոշում։ «Ես անձնական կարծիք կարող եմ ասել, որովհետև դեռ կուսակցական որոշում չունենք։ Ես ավելի քան վստահ եմ, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանություն, լինեն ընդդիմություն, նորից պայքարեն իշխանության համար և նորից ընտրվեն, դառնան մեծամասնություն։ Ես կարծում եմ, որ այն կուսակցությունը, որը իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում, գնում ա, դա արկածախնդիրների կուսակցություն ա։ Ես կարծում եմ, որ կուսակցությունը, որը չի պայքարում իր ասելիքն ասելու համար, չունի ասելիք»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ինքը ՀՀԿ-ին անդամակցել է, որովհետև համարել է, որ ՀՀԿ-ն ունի քաղաքական դիրքորոշում մեր երկրի համար կարևորագույն հարցերում։



Սարգսյանն ասաց, որ առաջարկներ կան, որոնք իրենց համար ընդունելի չեն, թեպետ տեխնիկապես հնարավոր է, որ դրանք հետագայում ընդունվեն իրենց կողմից։ Բայց ինքը կոնցեպտուալ սխալ է տեսնում Ընտրական օրենսգիրքը հապճեպ փոխելու մեջ, և կարծում է, որ դա ոչ մի լավ բանի չի բերում։ Այստեղ նա հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, որ Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո ժամանակ է պետք, որպեսզի կուսակցություններն այդ օրենսգրքով պատրաստվեն ընտրությունների։



«Տեսեք, հիմա, օրինակ, կառավարությունն առաջարկում ա, որ 30 տոկոս կուսակցականները ցուցակում կարող են դառնալ 40 տոկոս։ Դա նշանակում ա, որ բազմաթիվ մարդկանց հետ կուսակցությունները պետք է սկսեն բանակցել ցուցակներում հայտնվել-չհայտնվելու հարցը։ Դա մի օրինակ, բայց շատ օրինակներ կան»,-ասաց նա։



Նա նաև այսպիսի համոզմունք հայտնեց, թե ինչու է կառավարությունը նման հապճեպ կերպով բերում այս նախագիծը։ «Որպեսզի այն չանցնի, և այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության մի առարկա։ Ես այսօր ամրապնդեցի էդ կարծիքը, որովհետև պարոն Միրզոյանը ասեց՝ ահա, շատ լավ փաստարկ կա չընդունելու համար։ Այսինքն՝ իմ մոտ տպավորությունը կա, որ կառավարությունն ուզում ա այս նախագիծը բերելով կատարած լինի իր նախընտրական խոստումը, այնուհետև ձեռները լվա, ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,-ասաց Սարգսյանը՝ հստակ չնշելով, թե ՀՀԿ-ն կո՞ղմ կքվեարկի, թե՞ դեմ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**