Չի սպառնում, բայց ցանկանում է, որ չմարսեն

Չի սպառնում, բայց ցանկանում է, որ չմարսեն
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր **Սեւակ Հակոբյանը** երեկ ասուլիս էր հրավիրել։ Նախ ընթերցեց իրենց կայքի հայտարարությունը՝ նախօրեին իրենց խմբագրությունում իրավապահների կատարած խուզարկության մասին, ապա անդրադարձավ մի շարք հարցերի։ Օրինակ՝ Հակոբյանը մեր հարցերին ի պատասխան, խոսեց Yerevan.today կայքը Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապելու, այդ խուզարկության տակ քաղաքական ենթատեքստ դնելու եւ իրենց հետագա քայլերի մասին։ Հակոբյանի խոսքից հասկացվեց, որ նրանք մարտական են տրամադրված եւ թույլ չեն տալու իրավապահներին մարսել իրենց դեմ արածը։ Անգամ սպառնալիք կար Սեւակի խոսքերում, որը նման էր Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս տված հարցազրույցում հնչեցրած մտքին, թե դեռ կփոշմանեն իր հետ գործ բռնողները։



«Մեր խմբագրությունում իրականացրած խուզարկությունն առաջին ծիծեռնակն էր, որը կարող է վերածվել, պատկերավոր ասած՝ վիշապի։ Հիմա արդեն նկատելի են ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները եւ ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները»,- լրագրողներին ասաց Սեւակ Հակոբյանը։ Իսկ հայտարարության մեջ էլ ասվում է, որ «սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երեւույթների քննադատությամբ, եւ փորձ է՝ խաթարելու կայքի բնականոն աշխատանքը»։



Ինչ վերաբերում է կայքում գաղտնալսող սարքերի, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը հայտնաբերելուն, ապա Սեւակ Հակոբյանն ասաց, որ այն, ինչի համար եկել էին իրավապահները, չէին կարող իրենց մոտ հայտնաբերել, քանի որ չկար։ Բայց դա չի խանգարել, որ իրավապահներն առգրավեն խմբագրության համակարգիչներն ու կոշտ սկավառակները։ Խմբագիրն անդրադարձավ նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի՝ «Հրապարակի» հետ զրույցում հայտնած մտքերին, թե կայքը կապվում է Քոչարյանի հետ, եւ այստեղ կա հստակ քաղաքական ենթատեքստ։ Նա նաեւ ասել էր․ «Էստեղ շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները, եւ մանավանդ լրագրողական կազմակերպությունները, չօգտագործվեն պարտված ռեժիմի կողմից քաղաքական նկատառումներով»։ Հակոբյանը զարմացած է Մելիքյանի այս հայտարարություններից․ «Այսինքն՝ ինքը մեզ արդեն դրել է Ռոբերտ Քոչարյանի տրամադրության տակ, հիմա էլ հայտարարություն է անում, որ մենք մի բան ասենք, ստացվում է՝ պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին»։ Նա կարծում է, որ Աշոտ Մելիքյանը, լինելով ԽԱՊԿ նախագահը, բոլորովին այլ հայտարարություն պետք է աներ այս պահին։ Իսկ կայքը Քոչարյանի անվան հետ կապելու մասով էլ ասաց, որ 2014 թվականից ի վեր իրենց կայքը կապել են ամենատարբեր անձանց հետ՝ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, քանզի նախարարությունն ու իրենց խմբագրությունը նույն շենքում են, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ վերջինս իր հորեղբայրն է, հայտնի ընկերություններից մեկի հետ, ում լոգոյի գույնն իրենց կայքի գույնին է համընկնում (ենթադրաբար՝ «ՎիվաՍել»-ի մասին է խոսքը) եւ այլն։ Հետո սկսել են կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ նրա եւ իրենց գրասենյակները գտնվում են նույն շենքում։



Սեւակ Հակոբյանն այնուհետեւ բավականին կոշտ հայտարարություն արեց՝ ուղղված իշխանություններին եւ իրավապահ մարմիններին՝ նշելով, որ «շատ մեծ որս են կուլ տվել եւ մարսողական համակարգի խնդիրներ կունենան», ապա հռետորական հարց հնչեցրեց․ «Եթե իրենք ոչինչ չգտնեն մեզ մոտ, ու վստահ եմ, որ չեն գտնելու, իրենք կունենա՞ն էդքան տղամարդկություն՝ խոստովանելու, որ չկար, թե՞ չեն ունենա»։



Նկատեցինք, որ նրա այս հայտարարությունը նման է օրերս մի հարցազրույցում Քոչարյանի արտահայտած այն մտքին, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել», որը համարեցին սպառնալիք՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Կարո՞ղ է իր ասածն էլ է սպառնալիք՝ հարցրինք մենք։ Սեւակ Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Սպառնալիք չէ, ցանկություն է»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**