Աղուհացի տոնակատարությունը կդառնա համազգային և համաժողովրդական

Աղուհացի տոնակատարությունը կդառնա համազգային և համաժողովրդական
Աղուհացի տոնակատարության միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 7-ին՝ նախապես խոստացված անակնկալով: Ազգային հագուկապով աղջիկների խումբն ընդմիջման գնացող քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներին հյուրասիրեցին թխվածքներով, նշելով, որ պետական ու համայնքային ծառայողները մեր հանրության այն խավն են կազմում, որն իրականացնում է վարչական գործառույթներ ի շահ ժողովրդի և ինքն էլ կերակրվում է ժողովրդի կողմից:



Հյուրասիրություն-հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում: Մարզպետարանի աշխատակից Մհեր Մելիքյանը ներկաներին ողջունեց երգով:



Սեպտեմբերի 8-ին Աղուհացի տոնին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը, որի ընթացքում ելույթներ ունեցան «Մեր Հայրենիք» հանրային նախաձեռնության համակարգող Վարդգես Քեշիշյանը, ով ներկայացրեց Աղուհացի տոնակատարության խորհուրդը, բարի երթ մաղթեց և համոզմունք հայտնեց, որ հեռանկարում տոնը կդառնա համազգային ու, հիրավի, համաժողովրդական: Օրհնանքի խոսք ասաց Սրբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եզնիկ քահանան: Ներկաներին ողջունեցին ու խոսք ասացին Լոռու մարզպետարանի կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, գրականագետ Լուսինե Սահակյանը: Միջոցառման մասնակիցները սիրով ունկնդրեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի կատարումները: Այնուհետև տոնական ցերեկույթին համ ու հոտ տվեցին Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան պարային խմբերի սաները:



Հանդիսությունը վարեց Սասուն Հովհաննիսյանը, ով ընթերցեց նաև աղուհացին նվիրված բանաստեղծություններ: Հանդիպումը կայացավ Ալիկ Սմբատյանի տեխնիկական աջակցությամբ:



Բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում անցկացվեց Վանաձորի գեղագիտական կենտրոնում, որտեղ ներկայացված էին սաների ձեռքի աշխատանքներն ու նկարները, կազմակերպվել էին խաղեր: Տրվեց նաև հյուրասիրություն:



Պակաս հետաքրքրական չէր նաև երեկոն Հայքի հրապարակում: Ելույթ ունեցան երաժշտական և պարային խմբեր ու անհատ կատարողներ: Երեկոն թեժացրեց ու հասցրեց տրամաբանական ավարտին DJ Ալիկ Սմբատյանը:



Աղուհացի տոնակատարությունը շարունակվեց նաև սեպտեմբերի 9-ին: Վանաձորի տիկնիկային թատրոնում փոքրիկները դիտեցին Հովհաննես Թումանյանի §Ագահ մարդը¦ հեքիաթ-ներկայացումը, որից հետո, հենց դահլիճում, նշվեց փոքրիկ Դավիթի ծննդյան տոնը: Երեկոյան §Լոռի¦ ժամանցի կենտրոնում Վանաձորցիները հնարավորություն ունեցան դիտելու §Սիրո գործակիցը¦ հայկական ժամանակակից կատակերգությունը:



Որոշ միջոցառումներ տեխնիկական և եղանակային պայմանների պատճառով հետաձգվեցին, որը, սակայն, չի ազդում տոնական տրամադրության վրա: Տոնը շարունակվում է և ազմակերպիչները խոստանում են նոր անակնկալներ:



**Հովհաննես Սարդարյան**