Կարող է երբեք էլ չիմանաք

Կարող է երբեք էլ չիմանաք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի ութին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը **Hraparak.am**-ին ասաց, որ այցը մեկօրյա է՝ առավոտյան կմեկնեն, երեկոյան կվերադառնան։



Պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանը։ Հարցին, թե օրակարգում ինչ հարցեր են ներառված, վարչապետի խոսնակն ասաց․ «Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, հնարավոր է նաև ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում մեր հետագա համագործակցությունը։ Օրակարգային հարցեր, ընթացիկ, աշխատանքային հարցեր, որոնք միշտ էլ կան»։



Դիտարկմանը, թե նախորդ այցից շատ ժամանակ չի անցել, ինչո՞վ էր անհրաժեշտ այսօր ևս նման հանդիպում կազմակերպել, Եղոյանն ասաց․ «Ո՞նց երկար չի անցել, նախորդ այցը երեք ամիս առաջ էր։ Դե, նորմալ ա»։ Իսկ ինչ-որ հրատապ հա՞րց կա, որ այսօր առաջանահերթ լուծման կարիք ունի, օրինակ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։



«Ես դա չեմ կարող ասել կոնկրետ, դա կասենք քննարկումներից հետո արդեն»։



**-Իսկ այս այցի նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի՞նն է եղել, թե՞ Պուտինի հրավերով է նա մեկնում ՌԴ։**



-Դա չեմ կարող ասել, դա մենք պաշտոնապես կտայինք, եթե ասելու լինեինք։



**-Որևէ գաղտնի՞ք կա, որ չեն ասում։**



-Չէ, չկա, եթե այս պահին չենք ասում, ուրեմն չեմ կարող ասել էս պահին։



**-Իսկ ե՞րբ կարող ենք իմանալ՝ այցի նախաձեռնությունն ումն էր։**



-Կարող է երբեք էլ չիմանաք։



**Հ․Գ**․ Մենք տեղեկացանք, որ այցի նախաձեռնությունը, իրականում, Նիկոլ Փաշինյանի կողմից է եղել։ Բայց թե ինչու չեն ցանկանում այդ մասին պարզ հայտարարել, ինչից են ամաչում կամ խուսափում, դժվար է ասել։ Երևի մտածում են՝ ռազմական գաղտնիք է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**