Փորձագետների խումբը երկուշաբթի մտնելու է «Նաիրիտ»

Փորձագետների խումբը երկուշաբթի մտնելու է «Նաիրիտ»
Երեկ երկարատեւ պայքարից հետո «Նաիրիտ» ՓԲԸ համակարգող խմբի անդամները, որոնց ջանքերով գործարանում տեխնիկական աուդիտ է իրականացվելու, վերջապես մտել են գործարան։ «Սա փորձնական մուտք էր։ Մենք ուզում էինք համոզվել, որ երկուշաբթի, երբ աուդիտորների 40 հոգուց բաղկացած խումբը մտնի գործարան, որեւէ խոչընդոտ նրանց առաջ չի դրվի»,- ասաց համակարգող խմբի ղեկավար, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն **Կարեն Իսրայելյանը**։ Աուդիտորների խմբում ներգրավված են փորձագետներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանի «Ռոսգազինժեներինգ» ընկերությունից, բուլղարական «Խիմ Ռեմ Ստրոյ» ձեռնարկությունից, մի քանի հոգի Սլովակիայից։ «Հիմնականը հայ մասնագետներն են լինելու»,- ասաց Իսրայելյանը։ Աուդիտորներն ուսումնասիրելու են գործարանի գույքը, հոսքագծերը, գնահատելու են դրանց մաշվածությունը, մի խոսքով՝ որոշելու են, թե «Նաիրիտն» աշխատեցնելու համար ինչ բազա կա գործարանում: «Նաիրիտի» հիմնական տեխնոլոգիական գծերը պահպանված են: Սակայն սարքավորումների մի մեծ մաս, ինչպես նաեւ կոմունիկացիոն կապերը, քանդել-տարել են: Ամեն օր գործարանից սարքավորումներ են դուրս բերվում, քանի որ այն սնանկության գործընթացի մեջ է։



Ինչպե՞ս եք վարվելու, եթե սնանկության ընթացքում վաճառվի մի գույք կամ սարքավորում, որը կարող է ներդրողին պետք գալ։ Կարեն Իսրայելյանը պատասխանեց․ «Մենք իրավական տեսանկյունից իրավունք չունենք խոչընդոտելու վաճառքին։ Եթե կառավարիչը գտնի, որ պիտի ծախի՝ թող ծախի։ Մենք հույս ունենք, որ համաձայնության կհասնենք։ Մի անգամ արդեն այդպես եղել է։ Ուզում էին քացախաթթու վաճառել, բայց չվաճառեցին, որովհետեւ դա հետագայում պետք կլինի։ Հուսով եմ՝ կպայմանավորվենք»։ Տեխնիկական աուդիտ անցկացնելու մասին որոշումը «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտատերերը եւ սնանկության խորհուրդը կայացրել են հուլիսի 19-ին։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն էլ հրահանգ է տվել, որ աուդիտը հնարավորինս արագ անցկացվի: Սակայն խմբի մուտքն ամեն կերպ խոչընդոտվում էր։ Սնանկության կառավարիչը մե՛կ դատարանի որոշում էր ուզում, մե՛կ պահանջում էր, որ աուդիտորների ցուցակն ուղարկեն ԱԱԾ հաստատմանը, մե՛կ՝ որ տեղեկանքներ բերեն տարբեր մարմիններից։ Փաստորեն, համակարգող խմբի անդամները վերջին 2 ամսում անընդհատ վազքի մեջ էին՝ նախարարությունից վազում էին գործարան, գործարանից՝ սնանկության կառավարչի գրասենյակ, մամուլ, կառավարություն։



Նրանք բաց նամակներ էին գրում Փաշինյանին իրենց ՖԲ էջերում։ «Ավելի քան 4 տարի իմ հայրենասեր կոլեկտիվը պայքարում է՝ հասկացնելու համար իշխանություններին, որ «Նաիրիտի» ոչնչացման հետեւանքով կոտրվում է Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Ձայն բարբառո հանապատի։ Հիմա ոմն սնանկության կառավարիչ, փաստորեն, կարող է մատների վրա խաղացնել թե՛ մի ամբողջ կոլեկտիվի, թե՛ մեր հույսերից ծնված նոր իշխանությանը։ Իմ փոխարեն Դուք չէի՞ք վիրավորվի»։ Սա «Նաիրիտի» նախկին աշխատակից Թամար Միրազիզյանի նամակն է, որին գործարանը 1 միլիոնից ավելի պարտք է, եւ որն առժամանակ հրաժարվել է այդ գումարից՝ ի շահ գործարանի։ Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու իրավունքի համար տարիներ շարունակ պայքարած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» եւ «SynCo Group» սլովենական ընկերությունները վերջապես ստացել են կառավարության համաձայնությունը եւ հուշագիր են ստորագրել տնտեսական զարգացման նախարարության հետ, որի համաձայն՝ ներդրումային ծրագրեր են ներկայացնելու ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ դիտարկելու են «Նաիրիտն» աշխատեցնելու հնարավորությունը: Սլովենական կազմակերպությունը նախատեսում է մինչեւ 300 մլն դոլարի ներդրում կատարել «Նաիրիտում»: Գործարանի աշխատողները լիարժեք չեն հավատում այս ծրագրին, սակայն գտնում են, որ սա գործարանի փրկության եւս մեկ շանս է։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**