Մի «ֆուռ» կարիերիստներ լքել են ՀՀԿ դպրոցը

Մի «ֆուռ» կարիերիստներ լքել են ՀՀԿ դպրոցը
Տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ստեղծված քաղաքական դպրոցները նոր երեւույթ են Հայաստանի քաղաքական կյանքում։ Դրանք այնքան զարգացած չեն, ինչպես, ասենք՝ անգլոամերիկյանը, ֆրանսիականը կամ գերմանականը, արեւմտյան գաղափարախոսական դպրոցները, որոնցից յուրաքանչյուրը քաղաքագիտության որոշակի ուղղությամբ է մասնագիտացված։ Կարելի է ասել՝ սաղմնային, բայց դինամիկ վիճակում են։ Քաղաքական իրադարձություններն ուղիղ, «օպերատիվ» ազդեցություն ունեն դպրոցների վրա։



«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների քանակը հեղափոխությունից հետո կրճատվել է երկու անգամ՝ 180-ից հասնելով մոտ 90-100-ի։ Դա այն զանգվածն է, որը եկել էր կարիերիստական նկատառումներո՞վ։ Եզրակացություններ արե՞լ եք։ «Ես ձեր պես հանդուգն չեմ, որ մարդկանց որակումներ տամ», - մեր հարցին պատասխանեց ՀՀԿ դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը, որը հավակնում է նոր մշակույթ ստեղծել Հայաստանում։



Խոսքը ոչ թե շփման, միմյանց չվիրավորելու, այլ քաղաքագիտական մշակույթին է վերաբերում։ «Մեր դպրոցի ստեղծման գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ քաղաքական մշակույթը փոխենք Հայաստանում։ Մեզ դա հաջողվել է նրանով, որ մեզնից հետո փաստացի հիմնադրվեցին այլ քաղաքական դպրոցներ։ «Անդրանիկ Մարգարյան» դպրոցն արձակուրդային փուլում է, դասերը վերսկսվելու են սեպտեմբերի 10-ին կամ 13-ին։ Իշխանափոխությունից հետո դասերը շարունակվել են նորմալ, ուսանողները հաճախել են դասերի։ Իհարկե, որոշակի քանակության նվազում ա տեղի ունեցել, բայց մենք, համենայնդեպս, նման պատճառաբանություն չենք ստացել, որ չենք գալիս իշխանափոխության պատճառով։ Մի շարք ուսանողներ գնացել են արտերկիր, մյուսները չեն հաճախել աշխատանքային խնդիրների պատճառով։ Բնականաբար, կլինեն ուսանողներ, որոնք նաեւ այդ պատճառով չեն հաճախում, բայց, համենայնդեպս, դպրոցը շարունակում է իր գործունեությունը բնականոն ռիթմով։ Մենք հավատում ենք, որ կրթությունը կարեւորագույն գործիք է քաղաքացի կերտելու մեջ։ Սա քաղաքական դպրոց է, ոչ թե կուսակցական։ Մենք այդ դպրոցով «ռեկրուտ» չենք իրականացնում, հավաքագրում չենք իրականացնում այդ դպրոցով։ Այն ազատ է բոլոր քաղաքական հայացքներ ունեցող անձանց համար։ Մենք ունենք շատ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ»,- ասաց Հայկ Մամիջանյանը, բայց չդիմացավ «հանդուգն» որակումներ տալու գայթակղությանը։



«Գուցե եղել են մարդիկ, որոնք հաճախել են դպրոց, որ իշխանություն ունեցող մարդիկ այս կամ այլ առավելությունը կտան գիտելիքից զատ։ Միակ բանը, որ երաշխավորված կարող եմ ապահովել իմ ունկնդիրներին՝ դա Հայաստանում ամենաորակյալ ոչ ֆորմալ կրթությունն է»։ ՀՀԿ դպրոցի նախկին ունկնդիրները, ընդհանուր առմամբ, լավ կարծիքի են դպրոցի մասին։ Առաջին «սերնդի» շրջանավարտներից մեկն ասաց․ «Դպրոցը ժամանակին վատը չէր։ Պրոբլեմը 80 հոգանոց լսարանն էր։ Այդքան մարդու դեպքում էֆեկտիվ դասախոսություն ապահովելը դժվար է։ Եթե լինեն, ասենք, 20 հոգանոց խմբեր, ավելի արդյունավետ կլիներ։ Ճիշտ է, դպրոցն առանձնապես գիտելիք չի տալիս շատ, բայց ոլորտի մասնագետներից օգտակար ինֆոներ կարող էիր ստանալ, եթե դպրոց գնացել էիր դրա, ոչ թե պարապ նստելու ու ՀՀԿ-ի գերբի ֆոնին սելֆիներ անելու համար»։ Ուսանողների թվի կրճատման համար նախկին սաներն ուրախ են։ «Դա դպրոցի վրա դրական կազդի, երեւի։ Մի «ֆուռ» կարիերիստներ չեն գա ընդեղ խցկվեն։ Ավելի քիչ կլինեն, ինչն ավելի որակ կապահովի»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**