Մասիսի քաղաքապետի գործով նիստը հետաձգվեց

Մասիսի քաղաքապետի գործով նիստը հետաձգվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ հետաձգվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը։



Համբարձումյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրենք խորհրդակցել են Մասիսի քաղաքապետի հետ, եւ նա համաձայնել է ներկա գտնվել նիստին, նրա ներկայությունը ապահովելու, ինչպես նաեւ նախագահողին ինքնաբացարկ հայտնելու համար նիստը հետաձգվել է։ Այն կկայանա վաղը՝ ժամը 17:00-ին։



Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանը, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանը: Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար։



**Աննա Պապիկյան**