Բնակարանաշինություն՝ Թաթուլ գյուղում

Բնակարանաշինություն՝ Թաթուլ գյուղում
Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարեւելյան ստորոտին գտնվող Թաթուլ գյուղում: Մոտ տասը տարի ընտանիքն ապրել է խարխլված տանիքով ու բնակարանային տարրական պայմաններից զուրկ պանելային կիսակառույց տանը, որի պատերը ցրտից ու խոնավությունից բորբոսնել ու սեւացել են:



Նոր՝ վարդագույն տուֆով պատված կառույցն այժմ բացարձակ նման չէ հին տանը. արդեն մի քանի ամիս ընտանիքի հայրը՝ Վոլոդյան, գիշեր-ցերեկ շինարարական աշխատանքներ է իրականացնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: Նա հասցրել է ոչ միայն ամրացնել ու հաստացնել բարակ պատերը, այլեւ նոր հարմարություններ ստեղծել:



«Չեք կարող պատկերացնել, թե ինչ երջանկություն է, երբ գիշերը հոգնությունից չես կարողանում քնել եւ չես էլ ուզում քնել. օր առաջ ցանկանում ես ավարտել շինարարությունը, որի մասին տարիներով երազել ես: Մուրճի ամեն հարվածի հետ մեծանում են նաեւ ապագայի նկատմամբ հույսն ու հավատը: Անչափ շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վոլոդյան:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը միացել են ընտանիքին՝ հատակի բետոնացման աշխատանքներն իրականացնելու համար: Կողմերի աջակցության արդյունքում Մկրտչյանների տունը նոր ու ամուր տեսք կունենա:



«Ավելի քան տասը տարի մեր գործընկերների հետ ձգտել ենք տանիք ստեղծել դրա անհրաժեշտությունն ունեցող շատ ընտանիքների համար, քանի որ ամուր տանիքը նաեւ ամուր ընտանիքի խորհրդանիշ է: Հուսով եմ, որ շինարարական հրապարակում կամավորների դրսեւորած նվիրումն ու ջանասիրությունը դրական լիցքեր են փոխանցելու ե՛ւ իրենց, ե՛ւ այս տանն ապրողներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Արդեն տասը տարի աշխատում ենք տան խնդիր ունեցող ընտանիքների հետ: Հասցրել ենք արձանագրել, որ ընտանիքների համար առավել կարեւորը ոչ թե կոնկրետ իրականացվող շինարարությունն է, այլ այն հույսն ու դրական լիցքերը, որը նրանք ստանում են ծրագրի շնորհիվ: Կարեւոր է այն, որ աջակցություն ստացող ընտանիքը հավատում է սեփական ուժերին, լուծումներ է գտնում եւ արժանապատիվ օգնություն ստանալով՝ պատրաստակամություն դրսեւորում տան խնդիր ունեցող այլ ընտանիքներին աջակցության հարցում: Դա շատ արժեքավոր է»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: