Դատական համակարգը պետք է անկախացվի, Գագիկ Հարությունյանով, բանով, բոլորին պետք է հեռացնել

Դատական համակարգը պետք է անկախացվի, Գագիկ Հարությունյանով, բանով, բոլորին պետք է հեռացնել
Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, անդրադառնալով կառավարության 100 օրվան նշում է, որ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէր, պետք է լինեն ռադիկալ փոփոխություններ, եւ հանցագործները ենթարկվեն պատասխանատվության։ «1998թ․ Ռոբերտ Քոչարյանը, չունենալով տասը տարվա ՀՀ քաղաքացիություն եւ առաջադրվելով ՀՀ նախագահի պաշտոնում, սկսեց խախտել ՀՀ սահմանադրությունը։



Սահմանադրության խախտումը սկսվել է այդ օրվանից։ Կազմապրուտկովն ասում է՝ «зри в корень», այսինքն՝ պետք է նայել արմատին, թե որտեղից է սկսել այդ ամենը։ Ես կարծում եմ, որ այդ ամենը սկսել է 1998 թվականից, երբ նա կարգվել է ՀՀ նախագահի թեկնածու։ Եվ քսան տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կայացրած որոշումները հակաօրինական եւ հակասահմանադրական են։ Մինչեւ չլինեն ԱԺ նոր ընտրություններ, չունենանք իրոք լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարող գրանցել ինչ-որ հաջողություններ։ Ռեւանշիստները գլուխ կբարձրացնեն, թեեւ տեղի է ունեցել իշխանափոխություն, վարչապետ է ընտրվել՝ բավականին բարձր լեգիտիմությամբ։ 100 օրն անցել է, եւ տեղի են ունեցել ինչ-որ գործողություններ։ Գովելի է, որ կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում, փորձ է արվում իրականացնել սահմանադրական փոփոխություններ այնպես, որ հետագայում նորից ձեռք չտան այդ սահմանադրությանը։ Խաղի կանոնները հստակ պետք է լինեն»,- ասաց Շահեն Պետրոսյանը։



Մեր զրուցակիցը նկատում է, որ հասարակության մեջ կա վստահություն իշխանությունների նկատմամբ, եւ պետք է այնպես անել, որ այդ վստահությունը չկորի։ Իշխանափոխությունից հետո պրոբլեմատիկ վիճակ է ստեղծվել դատաիրավական համակարգում։ Դատավորները մինչ այժմ առաջնորդվել են Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով, իսկ արդեն նոր իշխանությունների օրոք, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի միջամտելու դատական գործընթացներին, նրանք հայտնվել են շփոթահար դրության մեջ։ Ըստ այդմ էլ՝ չգիտեն, թե ինչ վճիռներ կայացնեն, ինչպես վարվեն։ «Ես չեմ կարծում, թե խառնաշփոթ իրավիճակ է, հնից պահպանվող մարդկային ռեսուրսը դեռ կա, նրանք կարող են իրենց անձնական շահերից ելնելով խոչընդոտեն արդար վճիռներ կայացնելուն։ Ես կարծում եմ, որ անցումային արդարադատության սկզբունքը՝ իր որոշ դրույթներով, կարելի է կիրառել, մինչեւ սահմանադրությունը տեսքի բերենք։



Դրա համար անցումային արդարադատությունն ինչ-որ չափով անհրաժեշտություն է, որպեսզի կարողանանք ստեղծել իրոք անկախ դատարաններ»,- կարծում է Շահեն Պետրոսյանը։ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխած դատավոր Ալեքսանդր Ազարյանին էլ անդրադարձ եղավ։ «Խայտառակություն էր ուղղակի այդ որոշումը։ Մենք տեսանք, թե այդ մարդու նկատմամբ ինչ եղավ, տեսանք, որ նա գրագողությամբ է զբաղվել։ Անմիջապես բացահայտեցին, թե ով է դատավորը, որ նրա դիսերտացիաները գրագողության արդյունք են։ Կային մարդիկ, որոնք գովաբանում էին, որ նա լավ մասնագետ է։ Ո՞նց կարող է լավ մասնագետը զբաղվել գրագողությամբ։ Դրա համար եմ ասում՝ դատական համակարգը պետք է անկախացվի, Գագիկ Հարությունյանով, բանով, բոլորին պետք է հեռացնել»,- ասաց Շահեն Պետրոսյանը։