Էնպես կտամ՝ տողադարձ կլինես

Էնպես կտամ՝ տողադարձ կլինես
Չէ, սխալ չհասկանաք, վաղուց արդեն դպրոցական չեմ եւ դպրոց եմ մտնում այլ կարգավիճակով, բայց սեպտեմբերի 1-ն էլի յուրահատուկ զգացողություն է առաջացնում…



Մեր դպրոցի միջանցքում մի հայելի կա, որին իբր գաղտագողի նայելու սովորություն ունեի դպրոցական տարիներին՝ օրվա ընթացքում մի քանի անգամ: Եվ այդ սովորությունը պահպանվել է: Հայելին հայելի լինի՝ ձեռքը թափ կտա ու կասի. «Հայ-հո՜ւյ, մեծացար էլ՝ սովորություններդ մնացին»: Հայելի՛ ջան, էդպես է. մենք դպրոցի հարկի ներքո արդեն իսկ ձեւավորված անհատականություններ ենք (արժեհամակարգ եւ այլն, եւ այլն): Կյանքը, իհարկե, իր ուղղումներն ու ճշգրտումներն է անում, բայց ընդհանուր առմամբ մենք այն ենք, ինչ էինք դպրոցում: Դպրոցական տարիները յուրաքանչյուրիս կյանքի մի կարեւոր պատառիկն են՝ լուսավոր, ազնիվ եւ անմոռանալի… Ինձ վիճակվել էր դպրոցում սովորել այն մութ ու ցուրտ տարիներին, երբ դասերը ցրտի պատճառով հաճախ քսանրոպեանոց էին, երբ դասամիջոցին նավթով վառարանի կաթոցիկը բացում ու բոլորում էինք շուրջը, երբ չար տղաներն ուսուցչին «ահաբեկելու» համար ինչ-որ տեղից հայթայթած սրվակներ էին նետում վառարանի մեջ, որ «գմփոց» լինի… Իսկ ուսուցիչներն էլ ետ չէին մնում՝ տեղը տեղին նախշում էին: Տարիների հեռվից ես միայն զգում, թե որքան էական գիտելիք ու մարդկային տեսակի օրինակներ են փոխանցվում, բայց երբեմն աններելի թեթեւամտությամբ ու նաեւ անփութությամբ ենք վերաբերվում շատ երեւույթների ու Մարդկանց…



Ինչեւէ, ծանոթներիս խնդրեցի սեպտեմբերի մեկին ընդառաջ հիշել ուսուցիչների՝ իրենց ուղղված զվարճալի արտահայտությունները: Ստացվեց մի ուշագրավ «ծաղկաքաղ», որը եւ ուզում եմ կիսել Քեզ հետ, հարգելի ընթերցող… Ինչպես ասում են՝ ժողովրդական ստեղծագործության ժանրից.



-Էնպես կտամ՝ տողադարձ կլինես (հայերենի ուսուցչուհի)։



-Եթե բոլորը խոտ են (դա դեռ ոչինչ), դո՜ւ, տղա՛ ջան, մոլախոտ ես…



-Հիմա մատյանով եմ հարցնում, ու բոլորը քարանում են…



-Սրա նախնիները սմբակավոր են եղել…



-Ոնց որ գոմում կապած էշ լինես, քեզնից ոչ մի օգուտ չկա…



-Ոչխարնե՛ր, հերի՛ք ա հաչաք…



-Էդ ճանճաքշտիկներդ շուտ արա հավաքիր… (նկատի ունի աղջիկների ճակատի մազափունջը:)



-Ձախ ոտքը իմ կողմի ոտքն է (ֆիզկուլտուրայի ուսուցիչ)։



-Էս ի՜նչ ցուրտ ա էս դասարանը, ոնց որ նոր տարվա հնացած բուդ լինենք. բերել-գցել են սառնարանի մեջ…



-Հերիք ա տետրին նայես, հաղորդավար չես՝ դաս ես պատմում…



-Էն նիկոԾինը, որ սպանեց ձիուն, ձեզ ա սպանելու շուտով…



-Հորանջելուց բերանդ փակիր, թոքերդ ռենտգեն չենք անում…



-Գլուխդ կթաղեմ սեղանի մեջ…



-Թո՛ւ, թքեմ ես ձեր նամուսին, կիսաֆաբրիկատնե՜ր…



-Հլը էդ վերջին կուպեում ձեններդ կտրեք, որ եկել-հասել եմ ըտեղ, տեղում քառորդներդ փակելու եմ…



-Տո քու մամա՛ն… …չգիտի,՞ որ դաս չես սովորում…(մաթեմատիկայի տարեց ու կիսաբարբառախոս ուսուցչուհի:) Ընդ որում, նախադասության առաջին կեսին կարող է հաջորդել տարբեր շարունակություն, բայց… միայն հանդիսավոր ու բազմիմաստ դադարից հետո…



-Ա՛յ անբարոյական… (շրջվելով մյուս աշակերտների կողմը)։ Չիմանաք, է՛, էն իմաստով եմ ասում, էդ ուրիշ բան ա նշանակում…



Հիրավի, այդ օրերի քրոնիկոնը չի սպառվում նման ժպիտ-հուշերով, դպրոցի շենքին ուղղված սրտմաշուկ հայացքներով: Դա շատ ավելին է. քո իսկ մի մասը՝ գուցե առավել գեղեցիկ ու ներկայանալի մասը… «Տար քեզ գրատախտակի մոտ»: Այդ գրատախտակ կոչվածն արդյոք հենց կյանքը չէ՞, որի մաքուր երեսին գրում ենք մեր սկզբում անվարժ, հետո հետզհետե հմտացող ձեռքով: Այն ձեռքով, որին եռանդ ու հաստատակամություն են փոխանցել մեր սիրելի ուսուցիչները: Եվ այն, թե ինչ ու ինչպես ենք գրելու կյանք կոչվող գրատախտակին, մեծավ մասամբ կախված է դպրոցից: Ուստի բոլորս մեր հոգում պահպանենք այն երբեմնի ազնիվ հուզմունքն ու լուսավոր ինքնավստահությունը, որով քայլում էինք դեպի գրատախտակը…



**ՀԳ**. _Աշակերտակենտրոն արդի դպրոցի ջատագովներին հորդորում եմ take it easy, սա ընդամենը հումորաթաթավ անդրադարձ է եղելությանը…_



**Նելլի ԲՐԱԳԻՆԱ**