Իսկ Բաքուն լռում է

Իսկ Բաքուն լռում է
Օգոստոսի 25-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Բաքու: Հեյդար Ալիեւ միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը եւ փոխարտգործնախարար Խալափ Խալափովը: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելության պաշտոնական արարողություն, որին անմիջապես հաջորդել են բանակցությունները: Դատելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի տարածած տեղեկատվությունից, Ալիեւ-Մերկել դեմ առ դեմ հանդիպում տեղի չի ունեցել, կողմերը քննարկում են ունեցել պատվիրակությունների ձեւաչափով:



Բանակցություններին հաջորդել է Ադրբեջանի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի համատեղ մամուլի ասուլիսը, որի մանրամասնությունների շուրջ ադրբեջանական աղբյուրները որեւէ տեղեկատվություն չեն փոխանցում: Թե ինչո՞վ է պայմանավորված դա՝ մնում է ենթադրել: Ըստ երեւույթին, Մերկելի պատվիրակության անդամներից մեկի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի, նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կայացրած խտրական որոշումն իր ազդեցությունն է թողել Գերմանիայի կանցլերի վրա: Որքան հասկացվում է Բաքվի լրատվամիջոցների հրապարակումներից, բանակցությունների արդյունքներով կողմերը որեւէ համաձայնության չեն եկել: Գերմանիան ոգեւորված չէ դեպի Եվրոպա ադրբեջանական էներգակիրների տարանցման նախագծերով, նախապատվությունը տալիս է Ռուսաստանի կողմից իրականացվող Հյուսիսային հոսք-2 գազատարի կառուցմանը եւ համարում, որ ադրբեջանական էներգակիրները չեն կարող ռուսականին այլընտրանք լինել:



Ըստ երեւույթին, կանցլեր Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ շոշափել է այդ թեման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար ընդունելի շեշտադրումներ չի արել: Ամենայն հավանականությամբ, դա է Մերկելի այցի շուրջ ադրբեջանական մամուլի լռության գլխավոր պատճառը: Հայտնի է նաեւ, որ Հեյդար Ալիեւ կենտրոնում Մերկելը եւ Իլհամ Ալիեւը հանդիպել են գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որից հետո Գերմանիայի կանցլերն այցելել է «շեհիդների ծառուղի», իսկ այնտեղից՝ օդանավակայան եւ ժամը 16:30-ի սահմաններում հեռացել Բաքվից: