ԲԴԽ կազմի մեծամասնության վարքագծի հիմքում ընկած սկզբունքներն ինձ համար հասկանալի չեն. Ռուբեն Մելիքյան

ԲԴԽ կազմի մեծամասնության վարքագծի հիմքում ընկած սկզբունքներն ինձ համար հասկանալի չեն. Ռուբեն Մելիքյան
Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն անվավեր էր ճանաչել Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ցուցակը՝ հաշվի առնելով թեկնածուներից մեկի վերաբերյալ մամուլի հրապարակումները, դրանից հետո հայտարարել էր նոր մրցույթ, եւ ահա օրերս հաստատվել է նոր ցուցակը:



Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար ընդգրկվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:



Նշենք, որ Լուսինե Աբգարյանը 2014թ-ից դատավոր է աշխատում Լոռիում, մինչ այդ աշխատել է դատավորի օգնական, խորհրդական, կարգադրիչ եւ այլն: Իսկ Արշակ Վարդանյանը նախկին դատավոր ժորա Վարդանյանի որդին է, նախկին քննիչ է, եղել է դատախազի օգնական, 2011թ-ից դատավոր է: Առաջին մրցույթին մասնակցել էր նաեւ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, սակայն նա չէր հավաքել բավարար ձայներ: Երկրորդ անգամ հայտարարված մրցույթին մասնակցել, չմասնակցելու մասին Մելիքյանը դեռ այն ժամանակ խոստացել էր անդրադառնալ ավելի ուշ: Այսօր արդեն պարզ է, որ Արցախի ՄԻՊ-ը չի մասնակցել երկրորդ անգամ հայտարարված մրցույթին, իսկ այս անգամ ընտրվածք թեկնածուներին դրական է վերաբերում:



«ԲԴԽ հայտարարած երկրորդ մրցույթին չեմ դիմել։ Առաջին մրցույթի արդյունքում ես ակամա հայտնվեցի ինչ-որ ինտրիգային միջավայրում։ Մի քանի տասնյակ հեռախոսազանգեր, հաղորդագրություններ եմ ստացել գործընկերներից, հրապարակումներ եղան, գնահատականներ հնչեցին: Օրինակ՝ տրվեցին այնիսի որակումներ, ինչպիսիք են ԲԴԽ-ն իբր «կտրել է» Արցախի ՄԻՊ-ին, կամ որ դա Արցախի ՄԻՊ-ի անհաջողությունն էր, կամ պարտությունն էր՝ թեկուզ ժամանակավոր, փուլային, և այլն։ Եվ ես որոշեցի, որ այլևս իրավունք չունեմ ԲԴԽ-ին դիմել ներկայիս կարգավիճակով։ Որքան էլ դիմումը առնչություն չունի իմ ներկայիս կարգավիճակի հետ, մամուլի, հանրության, գործընկերների աչքերում ես չեմ դադարում ընկալվել որպես Արցախի ՄԻՊ։



Ես իրավունք ունեմ Ռուբեն Մելիքյանի անվան հետ վարվել ինչպես կկամենամ, սակայն Արցախի ՄԻՊ-ը ինստիտուտ է, որի հեղինակության հետ ես պարտավոր եմ խնամքով վարվել։ Ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինն եմ լինելու։ Սա հանրային ինստիտուտների նկատմամբ խնամքով վերաբերվելու իմ հավատամքի դրսևորումն է։ Ուստի որոշեցի, որ հուլիսի 6-ի որոշումը կայացրած մարդկանց այլևս թեկուզ տեսական հնարավորություն չտալ ակամա, անուղղակիորեն ստվերելու Արցախի ՄԻՊ-ի ինստիտուտի համբավը։ Առավել եւս, որ այդ կառույցի կազմի մեծամասնության վարքագծի հիմքում ընկած սկզբունքները ինձ համար հասկանալի չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**