Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները:



Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 18-ին հաղորդում է ստացվել, որ փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա բանկային քարտերը, որոնց միջոցով Երեւան քաղաքում գտնվող տարբեր բանկոմատներից կատարվել են գումարի կանխիկացման գործարքներ՝ հափշտակելով շուրջ 13 մլն ՀՀ դրամ:



Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:



Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատների անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտերով կատարված գործարքների տեսագրությունները, ենթարկվել զննության:



Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու եւ նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտերի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։



Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին: