Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդել առանձին անձանց եւ պրոցեսների վրա

Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդել առանձին անձանց եւ պրոցեսների վրա
ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը կալանքը՝ գրավով։ Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀՇ վարչության նախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածու, ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու դատարանի որոշմանը։ Չէ՞ որ հնչում են մտահոգություններ, թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել նախաքննությանը, կարող է գլուխ բարձրացնել հակահեղափոխությունը եւ այլն։ Նկատեցինք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես էին եկել ԱԺ ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորները, մեկ պատգամավոր էլ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։



«Արձանագրենք մի պարզ ճշմարտություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված է մեղադրանք։ Թե ինչ է որոշել Վերաքննիչ դատարանը, դա իր իրավունքն է, եւ ես կարծում եմ, որ ողջունելի է, որ ՀՀ-ում դատարանը կարողանում է անկախ որոշում կայացնել։ Մեզ, իհարկե, կարող է դուր չգալ այդ որոշումը։ Անձամբ ինձ դա դուր չի գալիս, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է նախաքննության ընթացքում ազդել առանձին անձանց եւ պրոցեսների վրա։ Սա՛ է ժողովրդավարությունը, եւ ժողովրդավարությունը պահանջում է, որ իշխանությունները չմիջամտեն դատական համակարգի գործունեությանը։ Ցանկացած պարագայում համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանն իր պատիժը կրելու է, որովհետեւ այն, ինչ նա իրականացրել է իր պաշտոնավարման ընթացքում, չի կարող մնալ անհետեւանք։ Զոհվել են մարդիկ, ուզուրպացվել է իշխանությունը, եւ ես կարծում եմ, որ այդ ամենի վերաբերյալ կկայացվի համապատասխան դատական վճիռ»,- մեր հարցին արձագանքեց Արարատ Զուրաբյանը։