Կնոջ ձայն էր գալիս, հեւոցներ այդ ցավից․ կորոնավիրուսով վարակված փաստաբանը պատմում է իր անցած օրերի մասին

Կնոջ ձայն էր գալիս, հեւոցներ այդ ցավից․ կորոնավիրուսով վարակված փաստաբանը պատմում է իր անցած օրերի մասին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ՝ ամուսիններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, ինչպես նաեւ նրանց 2 երեխան վարակվել էին կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այդ օրերին փաստաբան Պետրոսյանը բարձրաձայնեց այն խնդրի մասին, որ վարակվելուց հետո պետությունն իրենով չի հետաքրքրվել։

Արդեն որոշ ժամանակ անցել է այդ դեպքից, մենք Կարեն Մեժլումյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են իրենց հիմա զգում եւ արդյոք տա՞նն են արդեն։

«Կարելի է ասել՝ բուժվել ենք, թոքաբորբը դեռ կար, երբ հիվանդանոցից դուրս էինք գրվում, բայց արդեն ներծծման փուլում էր։ Այսօր Ինեսսա Պետրոսյանը եւ դուստրս թեստ են հանձնել,  եթե թեստը բացասական եղավ, ուրեմն այդ ինքնամեկուսացման փուլն էլ կվերջանա։ Ես դեռ չեմ հանձնել։ Տղաս կարծես վաղն է հանձնելու, իր մոտ թոքաբորբ չեղավ, արդեն բոլորս լավ ենք զգում։ Այդ բուժումը նորմալ ստացել ենք»,-նշեց նա։

-Քանի՞ օր մնացիք հիվանդանոցում եւ ո՞ր ԲԿ-ում էիք։

-Հիվանդանոցում մոտ 7 օր մնացել ենք։  Ես 3 օր ոստիկանության հոսպիտալում եմ եղել, հետո 4 օր՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։ Ինեսսան եւ դուստրս Արտաշատի ԲԿ-ում են եղել։

-Բուժսպասարկումը ինչպե՞ս էր, դուք գո՞հ եք։ Բուժու՞մ էին թոքաբորբի դեմ։

-Չէ, ես կասեի ավելի ինտենսիվ բուժում էր, որովհետեւ ես 8-10 տարի առաջ էլ էի թոքաբորբ տարել եմ, հիմա ավելի ինտենսիվ բուժում էր գնում։ Բժիշկներ, քույրեր, մայրապետեր եւ այլն, վերաբերմունքը՝ գերազանց, հոգատարությունը, ամեն ինչ։ Ապահովում են ամեն ինչով։ Դե պատկերացրեք, մեր հայկական իրավիճակները․ ծանոթ-բարեկամ-ընկերներ, ամեն մեկն ուզում է մի բան բերի, ասում ենք՝ չէ, ոչ մի բան, իրենք ապահովում էին սնունդով։ Նենց բան չկար, որ մտքովս անցներ, չբերեին, մեծ չափաբաժնով էր, որ չէիր կարող ադյքանն ուտել։ Մի խոսքով՝ ամենաբարձր կարգի ամեն ինչը կազմակերպած էր։ Բայց դե պետք է ուշադիր լինենք, հատկապես նրանք, ովքեր չեն անցել դրանով, որովհետեւ ինչքան ծանրաբեռնվի, այդքան դժվար է պետության համար։

-Բոլորի նկատմամբ նույն վերաբերմո՞ւնքն էր։

-Ինեսայենք Արտաշատում են պառկել, էնտեղ էլ էր նույնը եղել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում «Արտ Լանչն» էր, շատ համեղ էր, նույնն էլ ոստիկանության հոսպիտալում։

-Վարակակիրներ կան, որ ասում են՝ անտանելի ցավեր են ունենում, Ձեզ մո՞տ էլ է այդպես եղել։

-Իմ մոտ եղել է, բայց ոչ անտանելի։ Եղել են մկանային ցավեր, հենց սկզբում, երբ սկսվեց հիվանդությունը, մկանային ցավեր էին։ Ես որտեղ պառկած էի, կային , որ կնոջ ձայն էր գալիս, տնքոցներ, հեւոցներ այդ ցավից, պարբերաբար իրենց ցավազրկողներ էին ներարկում։ Ինչքան տարիքով մեծ, այդքան ծանր է ազդում, դրա համար պատահական չի, որ ասում են՝ պետք է զգույշ լինել։ Շատ վատ հիվանդություն է։ Մեր ընտանիքի անդամների համար թոքաբորբով հիվանդանալու պատճառով չկար։ Մեր մոտ եղավ, բայց առանց սիմպտոմների չեղավ։ Պետք է փորձել չվարակվել, պաշտպանվել։

-Որտեղի՞ց եք վարակվել, պարզ դարձա՞վ Ձեզ համար։

-Չեմ կարող ասել։ Մենք մտածում ենք՝ ոնց որ այս ամենով պրծանք։ Չիմացանք մենք այդպես էլ, թե  որտեղից վարակվեցինք, բայց այդ կանոնները պահում էինք, մեր գրասենյակում էլ։

Նշենք, որ այս պահի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 14103 մարդ, գրանցվել է 227 մահ եւ 5226 ապաքինված։