Գորիսի քաղաքապետը պատասխանում է Սյունիքի մարզպետին․ նոր սկանդալի հետքերով

Գորիսի քաղաքապետը պատասխանում է Սյունիքի մարզպետին․ նոր սկանդալի հետքերով
Օրերս մամուլը հրապարակել էր, որ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը այցելել է Գորիս, նախկին գործկոմի շենքում գտնվող Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակ և հանդիպել վերջինիս վարորդի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի հետ, ում անունը կապված է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, այդ թվում՝ Սըդղի գյոլի պատմության, որի ժամանակ ծեծի էին ենթարկվել Զաքարյան եղբայրները եւ արդյունքում նրանցից մեկը կորցրել էր աչքը։ Այդ հանդիպումը բուռն քննարկումների առիթ է դարձել, որին արձագանքել է նաեւ մարզպետ Կարեն Համբարձումյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով գրառում․



_**«Հարգելի՛ սյունեցիներ, Տեղեկացնում եմ, որ այցի նպատակը միայն մեկն էր՝ վերականգնել գորիսեցիների ու Սյունիքի մարզպետարանի միջև խախտված կապը, և այսուհետ Գորիսում ունենալու եմ նստավայր ու առավել հասանելի եմ լինելու տեղացիների համար: Այդ գրասենյակում կունենամ նաև մշտական ներկայացուցիչ, և նա կընդունի բնակիչներին, նրանց դիմումները, բողոքները, առաջարկությունները, կապահովի հնարավորինս սերտ կապը մարզպետարանի հետ: Գորիս այցելելիս՝ այդ գրասենյակում ինքս կկատարեմ քաղաքացիների ընդունելություն»,-նշված է արձագանքի մեջ:**_



_**Մենք զրուցեցինք Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, հասկանալու համար, թե ինչ է կատարվում Սյունիքում եւ մասնավորապես Գորիսում։**_



**-Ինչպե՞ս եք վերաբերվում Կարեն Համբարձումյանի հայտարարությանը, որ Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակն այսուհետ ինքն է տնօրինելու եւ Գորիսում ներկայացուցիչ է ունենալու։**



-Նախ ասեմ, որ Սուրիկ Խաչատրյանի նախկին գրասենյակը Գորիս համայնքի ենթակայության տարածք է և նախկին մարզպետին տրամադրված էր անհատույց՝ 2013թ․-ին՝ 5 տարի ժամկետով։ Ս/թ օգոստոս 9-ին լրացել է պայմանագրի ժամկետը և բանալիները հանձնվելու են Գորիսի համայնքապետարանին։ Տարածքը համայնքային սեփականություն է և համայնքի ղեկավարի առաջարկով, ավագանու անդամներն են որոշում կայացնելու գրասենյակի հետագա տնօրինման հարցը։ Այս պահին Հայաստանում չեմ, տեղեկացված չեմ, թե մարզպետը ի՞նչ է զրուցել Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի հետ, ինչ փոխադարձ համաձայնության են եկել, սակայն հստակ նշեմ, որ որևէ պաշտոնյա, օրենքի խախտմամբ, ինքնուրույն չի կարող որոշել, թե ինչպես պետք է օգտագործվի համայնքային նշանակաության սեփականությունը՝ առանց տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնելու։ Սյունիքի մարզպետը որևէ լիազորություն և իրավունք չունի ինքնակամ որոշել համայնքային ենթակայության կառուցի տնօրինման հարցը։ Այդ ժամանակները Գորիսում վաղուց ավարտված են և ոչ ոք չի կարող, օրենքի խախտմամբ կամայական որոշում կայացնել։ Կարեն Համբարձումյանը չի խոսել համայնքային իշխանությունների հետ, որևէ գրություն չենք ստացել և նա սեփական նախաձեռնությամբ որոշել է, որ նախկին մարզպետի գրասենյակը ժառանգաբար փոխանցվելու է իրեն։ Իսկ եթե մարզպետը Գորիսում ընդունելություններ կատարելու ցանկություն ուներ, կարող էր ներկայացնել, որևէ խոչընդոտ չի եղել և գրասենյակ ունենալու հարց երբևէ չի բարձրացվել։ Իմ բացակայության առիթը հիմք չէր կարող տալ, որ ոմն Դերենիկի առաջարկով մարզպետը հայտարարություն տարածեր, որ ինքը համայնքային ենթակայության շենքից գրասենյակ ունի, որից տեղական ինքնակառավարման մարմինները տեղյակ չեն։ Այս պահին երկրից դուրս եմ և իմ վերադառնալուց հետո օրենքով սահմանված կարգով կզբաղվեմ այդ հարցով։



**-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում մարզպետի այն հայտարարությանը, որ նա փորձելու է վերականգնել գորիսեցիների ու Սյունիքի մարզպետարանի միջև խախտված կապը։**



-Դա ընդամենը երևակայության արդյունք է, քանի որ գորիսեցիների կապը մարզպետարանի հետ չէր կարող և երբևէ խախտված չի եղել։ Ես չեմ կարող ասել, թե մարզպետը ի՞նչ է նկատի ունեցել, ասելով, որ գորիսեցիների կապը խզված է եղել մարզպետարանի հետ, քանի որ որևէ համայնք չի կարող մարզպետարանի հետ խզել հարաբերությունները։



**Անի Առաքելյան**