Ադրբեջանն ինչ ուզի՝ տալու՞ ես․․․

Ադրբեջանն ինչ ուզի՝ տալու՞ ես․․․

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի հարցը Նիկոլ Փաշինյանին տողատակեր ունի՝ եթե Սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը հատուկ խուսափեց հարցին պատասխանելուց, ասելով, որ Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ (ուշադրություն դարձրեք՝ ԼՂ խնդրի հետ։ Կոնֆլիկտ բառ այլևս չկա, որովհետև Ալիևն ասել է, որ Ադրբեջանի ու ԼՂ-ի մեջ կոնֆլիկտ չկա)։ Հնչած պատասխանը դատարկ զնգոց էր։ Օտարներն անգամ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը թշնամուն տալիս է այն, ինչ ուզում են նրանից։ Հարցից պարզ է, որ դրսում առավել քան համոզված են, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի թելադրանքը և դիրքորոշումը ճշտել են ուզում։ Կարևոր չէ, որ դա սահմանազատման հանձնաժողովը լինի։ Սահմանազատման հանձնաժողովը չէ Շուշին, Հադրութը կամ Արցախի 75 տոկոսը հանձնել թշնամուն։ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը կատարելու է այն, ինչ որոշի Ադրբեջանը։  

«Ալ Ջազիրայի» լրագրողի հարցը հենց այդ միտումն ուներ, պարզեցնեմ՝ եղբայր, Ադրբեջանն ինչ ուզի տալու՞ ես․․․ Որևէ երկրի համար նման բան հասկանալի չէ։ 

Ես շատ կուզեի , որ «Ալ Ջազիրայի» լրագրողը Նիկոլ Փաշինյանին կոնկրետացնելու առումով հարցներ՝ Եթե Սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Հայաստանի  ողջ տարածքը կամ որոշակի շրջաններ, դիրքեր  պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։ Հարցը կլիներ լրիվ տրամաբանության սահմաններում․ Ինչու՞ ես թույլ տվել թշնամուն՝ առանց սահմանազատման հանձնաժողովի,   մտնի քո սուվերեն տարածք, քո մայր ճանապարհները, դիրքերը վերցնի ու քեզ չոլերը գցի։