Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ կյանք է տվել, բայց այսպես ապրել հնարավոր չէ․ լուսանկարներ

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ կյանք է տվել, բայց այսպես ապրել հնարավոր չէ․ լուսանկարներ
«Ես ողորմություն չեմ ուզում», «Ես բողոքող չեմ»։ Այս խոսքերը մեզ հետ զրույցում հաճախ կրկնեց Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանը։ Նա բնակվում է միայնակ, 2 ոտքը անդամահատված են, երակների խցանում ունի, սրտի հետ կապված խնդիրներ, անընդհատ ցավեր է զգում, իր խոսքով՝ նույնիսկ խելագարության աստիճանի հասցնող, պրոթեզներ է կրում։ Երբ այցելեցինք նրան, իր բակում էր, արևի տակ կանգնած ինչ-որ իրեր էր տեսակավորում, հետո պարզեցինք, որ դա իր աշխատանքն է․ գունավոր մետաղներ է հավաքում՝ ալյումին, պղինձ, արծաթ, հետո դրանք հանձնում է։ Ձեռքի հետ էլ կենդանիներ է պահում, 3 հատ այծ ունի։ Պարոն Գառնիկը մեզ հետ զրույցը սկսեց ամենասկզբից՝ այն չարաբաստիկ օրվանից, երբ իր ոտքերը թեթևակի ցրտահարվեցին, ինքը այդ ժամանակ «ռակի գործ էր անում»․



«2011 թվականի դեկտեմբերի 3-ին ոտքերս թեթևակի սառցակալել էր, մտա բժշկուհու մոտ, ասաց՝ տաք պահի, կանցնի, ես էլ դրեցի եռման ջրի մեջ։ Հետո ուղարկեցին ճառագայթման կենտրոն՝ 20 օր, ուզեցան ոտերս կտրեին, քույրերս չթողեցին։ Ինձ ասեցին՝ կբուժենք, 1 տարի պիտի պառկես, համաձայնվեցի, թուղթը ստորագրեցի, տարան վիրահատման։ Էն էլ զգացի, որ ոտքերս կտրում են, արդեն կտրել էին»։



Զույգ ոտքը կտրելով պարոն Գառնիկի տանջանքները ոչ թե ավարտվել, այլ նոր-նոր են սկսել Պրոթեզավորման համար փոքրիկ վիրահատություն է պետք եղել․ մաշկը սերտաճել է ոսկորին, ասել են, որ հետագայում պրոթեզ կրելիս իրեն ցավեցնելու է, և որոշել է վիրահատել։ Սակայն բժիշկը, որի անունը պարոն Գառնիկը այդպես էլ չկարողացավ հստակ հիշել, «Արարատ Լևոնիչ էր, թե Լևոն Արարատիչ», ինչպես ասում են ունքը սարքելու տեղը աչքն էլ է հանել․ մաշկը ոսկորից առանձնացնելու փոխարեն, ոտքերի նյարդային համակարգն է անջատել, որի հետևանքով էլ Գառնիկ Հակոբյանը մինչ այժմ տառապում է սուր ցավերից․



«Մինչև պրոթեզները բերելը, էս ձախ ոտքիս կպում կար՝ կաշին կպել էր ոսկորի հետ։ Ինձ ասեցին՝ ինչ էլ որ հագնես, կցավացնի, ցավ կունենաս էլի, պիտի վիրահատվի։Եկանք առաջին հիվանդանոց, ուղարկեց հանրապետական։ Արարատ Լևոնիչ էր, թե Լևոն Արարատիչ էր, չեմ հիշում, ասեց՝ կբուժեմ, ցավ չես ունենա։ Ասեցի, որ ցավ չունեմ, ուղղակի կաշին կպել է ոսկորից, քայլելու ժամանակ ցավացնում է, բայց որ գալիս եմ տուն, մի քիչ մասաժ եմ անում, հանգստանում է, քնում եմ։ Ասեց՝ վաղը կգաս, կպառկացնենք։ Գնացի, պառկեցի, վիրահատությունը սկսեցին։ Հետո տեսա, որ վերևից է վիրակապված, ասեցի՝ բժիշկ էս ի՞նչ վիրահատություն ես արել, պիտի կպումը վերացնեիր, ասեց՝ ցավ չես զգա, ներվերն եմ կասեցրել։ Հիմա վատ է վիճակս, ոտքերս թրթռում են, խփում է ուղեղիս, ո՞նց ասեմ, տարօրինակ բան է կատարվում հետս, ոնց որ խախտված լինեմ, ինձ պետք չէր էս օպերիացիան, ինձ պետք էր էդ կպումը բացեին, որ արտասահմանից էդ պրոթեզները բերեին, բժիշկ Գինոսյանը պրոթեզավորեր, որ կարողանայի հանգիստ քայլեի, ամեն մի պրոթեզը 6-7 կիլո է, տանջվում եմ սրանով, համ աշխատում եմ, համ էլ քարշ տալը, էդքանը բարձրացնել կլինի՞, գոնե ցավերը չլինեին»։



Ոտքերի անընդմեջ ցավին գումարվել է նաև երակների խցանումը՝ տրոմբը, որը և հանգեցրել է սրտային խնդիրների։ Պարոն Գառնիկը երկար ժամանակ տարբեր հիվանդանոցներում է անցկացրել, հաճախ մի հիվանդանոցում մի հիվանդություն են հայտնաբերել, մյուսում հերքել են այդ հիվանդությունը՝ ստամոքսի և թոքի քաղցկեղ, որը, ինչպես պարզվել է հետո, տասներկումատյա աղիքի թեթևակի բորբոքում է եղել, իսկ թոքերն էլ որևէ խնդիր չեն ունեցել։ Գառնիկ Հակոբյանը այժմ մեծ քանակությամբ ու տարբեր «բովանդակությամբ» դեղեր է ընդունում, դեղերն էլ ինքն է գնում, իր իսկ աշխատած գումարով։ Իրեն հիմա բուժում է պետք, բայց «ողորմություն չի ուզում»։



Պարոն Գառնիկին հարևանները հաճախ են այցելում, բայց իրեն Այնթապում «Կոլո» են ասում։ Նրանք նույնպես տեղյակ են Կոլոյի տառապանքներից, երբեմն գալիս են, հետը զբաղվում են, մեկ-մեկ էլ միասին ֆուտբոլ են նայում․



«Իրա վիճակը շատ վատ ա, ամեն օր ցավերի մեջ ա, տանջվում ա, չարչարվում ա, բայց դե օգուտ չկա։ Մեկ-մեկ մենք էլ ենք օգնում, բայց դե ի՞նչ անենք, էդ ա։ Ուրիշ ձև չկա, մարդը չի կարողանում ապրի։ Մենակ ա ապրում, գալիս ենք, օգնում ենք, ձեռ ենք գցում»,- ասաց հարևան Մայիս Սարդարյանը։



Տունը, որտեղ ապրում է Գառնիկ Հակոբյանը, մեղմ ասած, ճոխությամբ աչքի չի ընկնում, ներսից նույնիսկ վերանորոգված չէ, եղբորն է պատկանում, ինքը՝ Գառնիկը, սեփականություն չունի։ Գորշ պատերի մեջ 2 բազմոցն ու սառնարանն են աչքի ընկնում, որոնք օգնություն է ստացել, բայց հեշտ ու հանգիստ չեն տվել, պարոն Գառնիկը իր հասնելիքը ստանալու համար իրավաբանի հետ երկար վիճաբանություն է ունեցել, բայց դա առանձին թեմա է։



Գառնիկ Հակոբյանը հարազատներ ունի՝ երբայր, քույրեր, տարեց մայր, ում ժամանակին ինքն է խնամել, այժմ մայրը դստեր տանն է։ Ամուսնացած էլ է եղել։ Մեկ տարուց ավելի միասին ապրելուց հետո կինը բաժանվել է ու միակ որդու հետ գնացել Բելգիա։ Պարոն Գառնիկը որդու հետ կապ չի պաշտպանել, միայն գիտի, որ ֆուտբոլիստ է․



«Մի հատ տղա ունեմ, Բելգիայում է, ֆուտբոլիստ է։ Բայց անօրինական տարան էլի։ Կնոջս ախպերը Մասիսի քաղմասում էր աշխատում, ես չեմ վախենում ոչ մեկից, բայց մի օր ախպորս վրա էին տվել, սկսեցի ման գալ էդ Արթուրին, ուզում էի դեմ առ դեմ խոսեի, որ ախպորս էլ մոտ չգնային, բան կա՞ր, թող ինձ ասեին։ Հետո անօրինական, առանց ինձ հարցնելու տարավ Բելգիա էդ կինը, հայրական իրավունքից զրկված չեմ, առանց հարցում անելու տարան երեխուն, ես էլ չբողոքեցի, դե դա իմ մեջ չկա, ասի՝ դե լավ, երեխեն մոր մոտ ա, բայց անօրինական են տարել»։



**ՀԳ**․ Երբ ցանկանում էինք արդեն լքել Գառնիկ Հակոբյանի տունը, նա խնդրեց սպասել։ Չնայած նեղ սոցիալական պայմաններին, նա պնդեց, որ ինքը պետք է տաքսի պատվիրի և տաքսով մեզ ճանապարհի։ Խնդրեցինք թույլ տալ, որ տաքսիի համար մենք վճարենք, սակայն նա, կարծես թե նեղանալով, ևս մեկ անգամ պնդեց, որ հենց ինքը պետք է վճարի։



**Կորյուն Սիմոնյան**