Քաղաքացին ահազանգում է՝ Վովա Գասպարյանի եղբայրը, կինը և աղջիկը էլեկտրաշոկով վախեցրել են եղբորը

Քաղաքացին ահազանգում է՝ Վովա Գասպարյանի եղբայրը, կինը և աղջիկը էլեկտրաշոկով վախեցրել են եղբորը
«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը, սպառնացել, նվաստացրել է եղբորս՝ Ավետիք Սարգսյանին»։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս քույրը՝ Հայկուհի Սարգսյանը։ Բանն այն է, որ, ըստ մեր զրուցակցի, երեկ Վարդավառին եղբոր դուստրը իրենց բակում (Կոտայի մարզ, գյուղ Կոտայք) խաղալիս պատահմամբ ջուր է լցրել ավտոմեքենաների վրա, որից մեկը պատկանել է Կարեն Գասպարյանին, դրանից հետո Գասպարյանը, կինը և աղջիկը էլեկտրաշոկով վախեցրել են երեխային, որին միջամտել է եղբայրը։ Նրան էլ սպառնացել են՝ եթե չգնա եւ ներողություն չխնդրի, ավտոմատներով մարդիկ կբերի տան վրա:



«Մենք դիմել ենք ոստիկանություն, որովհետեւ եղբորս տարել են, խաբել են, ծնկաչոք նվաստացրել են, ասել են՝ մենք հաճույք ենք ստանում, երբ մարդիկ չոքում են եւ ներողություն են խնդրում։ Դեպքից հետո զանգել են, եղբայրս մտածել է կխոսեն, ամեն ինչ կհարթվի։ Եղբորս տարել են իրենց ամառանոց, որը գտնվում է մեր գյուղի ետնամասում։ Էնտեղ աչքն են վնասել, նվաստացրել են, զանազան սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել։ Բացի սրանից ասել են, որ մենք ունենք զանազան զենքեր, որ այս խոսակցությունը դուրս չգա, մենք կվերացնենք։ Իր տղային ընկերները, բոլորը եկել են եւ շրջափակել են»,- պատմեց Հայկուհին։



Տղամարդն այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնում։ Ստացել է ուղեղի ցնցում։ Ոստիկանները այցելել են նրան, ցուցմունք վերցրել։



Ոստիկանության լրատվության բաժնից մեզ հայտնեցին, որ Կոտայքի բաժնում երեկ հաղորդում է ստացվել, հանգամանքները քննությամբ պարզվում են։ Այլ մանրամասներ չհայտնեցին։



**Աննա Պապիկյան**