Արարատի մարզը պետք է պատրաստ լինի պատերազմի

Արարատի մարզը պետք է պատրաստ լինի պատերազմի
Օրերս կայացած Արարատի մարզխորհրդի նիստի ժամանակ քննարկվեցին նաեւ առաջիկա ամառային զորակոչին առնչվող մի քանի հարցեր, կարեւորվեցին համայնք-զինկոմ կապի ավելի ամրապնդման անհրաժեշտությունը, համայնքների կողմից իրականացվող տեղական զորավարժությունների անցկացումը: Ելույթ ունեցավ նաեւ Արարատի մարզի զինկոմ **Արայիկ Մուրադյանը**: Նա այդ պաշտոնում նշանակվել է 2018թ․ ապրիլի 5-ին, իսկ լիարժեք գործունեության մեջ է մտել ս․թ․ հունիսի 22-ից: Նա իր ելույթում ասաց. «Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում: Ուստի ես կխնդրեի համայնքների ղեկավարներին՝ կանգնած լինեն մեր կողքին:



Կան մարդիկ, որոնք չեն տիրապետում կառավարության համապատասխան որոշմանը: Տեղեկացնում եմ, որ Արարատի մարզում մշտապես խնդիրներ են առաջանում զորավարժությունների իրականացման ժամանակ, ինչի հիմնական պատճառն է հանդիսանում ՏԻՄ եւ հիմնարկ-ձեռնարկությունների շատ ղեկավարների՝ «Պաշտպանության մասին» օրենքի 11 եւ 12 հոդվածներին չտիրապետելը: Տհաճ է լսել այն համայնքի ղեկավարներին, ովքեր ասում են. «Դա իմ գործունեության մեջ չի մտում»:



Հստակ սահմանվում է, որ զինապարտներին եւ տեխնիկան համայնքի ղեկավարը պարտավոր է հրահանգ ստանալուն պես սահմանված ժամկետում ներկայացնել զինապարտների եւ տեխնիկայի նախնական հավաքակետեր, ինչը նրանց կողմից հիմնականում չի կատարվում: Դրա հիմնական պատճառը նրանք համարում են զինապարտների նկատմամբ համայնքի ղեկավարների կողմից ազդակներ չունենալը: Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ գտնվում է առաջնագծում: Մեր հիմնական ու մեծ թշնամին Թուրքիան է, իսկ այս վերջին շրջանում Նախիջեւանն է գլուխ բարձրացրել: Եկեք վախենանք այն գետից, որը ո՛չ խշշում է, ո՛չ թշշում: Ես ոչ ոքի չեմ ուզում վախեցնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ Նախիջեւանին հրահրում է Թուրքիան:



Ուստի Արարատի մարզը պետք է պատրաստ լինի պատերազմի, եթե չենք ուզում պատերազմ լինի: Ես 2013-ին նշանակվել եմ Արտաշատի զինկոմ ու իմ ղեկավարին, վերադասին միշտ խնդրել եմ, ասել եմ, որ Արարատի մարզը մարտ ամսից մտնում է գյուղատնտեսական աշխատանքային սեզոն, եւ դա շարունակվում է մինչեւ դեկտեմբեր: Մնացած ամիսներին, որպեսզի գյուղացու աշխատանքին չխանգարենք, հավաքվենք, զորավարժություններ անցկացնենք: Զորավարժությունը մեծ նշանակություն ունի, որպեսզի զինապարտը կարողանա պատկերացնել իր խնդիրը, իր անելիքը, զենքը վերցնի, աջ դարձ անի, ձախ դարձ անի եւ ընդամենը մի քանի օրում պատրաստ է լինում պատերազմի: Ապրիլյան պատերազմում Արարատի մարզում մարզպետի հետ միասին անմիջապես հաջորդ օրը խորհրդակցություն անցկացրինք եւ ասացինք, որ մենք զորահավաք չենք անցկացնում, բայց եթե մարդիկ կան, որ ցանկություն ունեն, կարող են հավաքագրվել: Եղան անհատներ տարբեր համայնքներից, գնացինք ու կանգնեցինք մեր զինվորի կողքին: Մենք այնտեղ անելիք չունեինք, բայց կանգնեցինք մեր 18 տարեկան զինվորների կողքին: Ես համոզված եմ, որ եթե պատերազմ լինի, մենք բոլորս էլ համախմբված գնալու ենք»:



Զինկոմին հարցեր ուղղեցին համայնքի ղեկավարները: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս առաջ օպտիմալացվեցին Հայաստանի մարզերի զինկոմիսարիատները՝ տարածքայինները միացվեցին մարզայիններին: Այդ առումով հարց եղավ, թե որքանով է ճիշտ, որ, ասենք, Մասիսի գյուղերի զինծառայողները, ովքեր եկել են արձակուրդ կամ այլ գործի համար տեղեկանք կամ կնիք է պետք, դրա համար գնում հասնում են Արտաշատ: Զինկոմն ասաց, որ համամիտ է, որառկա է խնդիր, բայց տեղերում կպահպանվեն մոտ չորս հոգանոց աշխատանքային խմբերը, ովքեր կլուծեն այդ խնդիրները: Ասաց նաեւ, որ հարցեր կան, որոնք դեռեւս հստակեցնելու եւ մշակման փուլում են: Նա խոստացավ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի:



**ՀԳ**․ Զինկոմի հայտարարությունից երկու օր անց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, որ նախիջեւանյան ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը, սակայն ՀՀ ԶՈՒ կրակից այրվել է հակառակորդի դիրքը: Իսկ երեկ գիշեր եւ առավոտյան հակառակորդը կրակ է բացել Արարատի մարզի Զանգակատուն համայնքի ուղղությամբ, որտեղ հրդեհ է բռնկվել, եւ հրշեջները փորձել են մարել այն: Կրակ է բացվել հրշեջների, տարածքում գտնվող բնակիչների եւ զինվորականների ուղղությամբ:



**Նաիրա ՎԱՆՅԱՆ**