Արթուր Ասատրյանի նման բարեգործին փակել են, Նազիկի պես հանցագործին՝ բաց թողել

Արթուր Ասատրյանի նման բարեգործին փակել են, Նազիկի պես հանցագործին՝ բաց թողել
Արթուր Թումանյանն Էջմիածինը մանվելիզմից ազատագրողներից է: Նա հանրությանը հայտնի դարձավ 2016 թ., երբ, որպես քաղաքապետի թեկնածու, ընտրությունից օր առաջ բռնության ենթարկվեց նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նրա եղբոր՝ Արման Գրիգորյանի կողմից:



Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, որի դատավորներից է Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, եղբայրների փոխարեն խուլիգանության հոդվածով մեղավոր ճանաչեց, Արթուրի ձեւակերպմամբ՝ քնձռոտ երկու տղաների: «Իրական մեղավորներն ազատության մեջ են: Նրանք դեռ պատասխան են տալու: Եթե էն ժամանակ չագուչն էլ էր իրենց ձեռքը, մեխն էլ, հիմա այլ է: Դիմելու ենք վերաքննիչ դատարան՝ գործի իրական հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատժելու համար»,- ասաց նա:



Արթուր Թումանյանին, սակայն, ոչ այնքան մտահոգում է իրեն ծեծելու դեպքի բացահայտումը, որքան իր համաքաղաքացի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ սկսած արշավը: Նրա համոզմամբ՝ Արթուր Ասատրյանն իրական բարեգործ է, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:



«Նա տեսախցիկով բարեգործ չէ... Ինքն աստվածավախ մարդ է ու աստծուն դեմ չի գնա: Նա էն մարդն է, որին Հռոմի պապն ընդունել է, զրուցել հետը: Հիմա ի՞նչ է ստացվում, որ Հռոմի պապը հանցագո՞րծ է ընդունել… Բա ո՞նց կարելի է սեւացնել մարդու անունն ու պատիվը»:



Զրուցակցիս խոսքով, Պիպոյի ուզածը երկու բան է՝ ազատել քաղաքը մանվելներից ու Էջմիածինը դարձնել զբոսաշրջային կենտրոն: Ըստ նրա՝ Արթուր Ասատրյանն Էջմիածինը գրավիչ դարձնելու ծրագիր ունի. լուրջ ներդրումներ ու նվիրատվություններ պետք է անի, «բայց մարդուն տարել փակել են, ինչ է թե՝ առեւանգել է իրեն սպանել պատրաստվողներին: Բա ի՞նչ աներ, թողներ գային սպանեի՞ն: Իսկ գուցե նա ոճի՞ր է կանխել: Չի բացառվում, չէ՞, որ զակազչիկները նաեւ նրա ընտանիքին պատվիրած լինեին: Իսկ էդ զենքը, որ հանել են նրա տնից, նույնիսկ ծիծաղելի է, չեմ մեկնաբանում»:



Արթուր Թումանյանն ասաց նաեւ, որ Պիպոյի շնորհիվ էջմիածինցիները միավորվել են: Մարդիկ, որ 30 տարի իրար հետ չեն առնչվել, հիմա միասին են: «Էս է Պիպոյի ուժը»:



Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ստորագրությամբ բաց թողնելու մասին լուրը ցնցել Արթուր Թումանյանին: «Նազիկի նման հանցագործին թողել են, Պիպոյի պես տղուն՝ փակել: Է՞ս է արդարադատությունը: Նազիկը, որ սաղ կյանքում Մանվելի թիկունքի պետն է եղել, լիքը հանցագործություններ հենց իր ձեռքով են եղել, հիմա դրսում է, որ գործերը կարգավորի ու վաղը-մյուս օրը մաքուր դուրս գա, իսկ Պիպոն պիտի փակի տա՞կ մնա…»։



Այն, ինչ ԱԱԾ-ն Մանվելի ու Նազիկի թաքստոցներից հայտնաբերեց ու ներկայացրեց հանրությանը, Թումանյանի ասելով՝ կաթիլներ են: «Ո՞ւր են պուլիմյոտներն ու ավտոմատները, ո՞ւր է 300 կիլո ոսկին, 300 մլն դոլարը»,- հարցնում է նա: Ըստ նրա՝ դրանց տեղը գիտի ոչ միայն Նազիկը, այլեւ Մանվելի նախկին քաղաքապետ որդին, կրտսեր որդին ու դատավոր աղջիկը: «Թող դրանց տանեն ու հարցաքննեն: Բայց՝ չէ, արդարադատության ուզածը դա չէ. նրանք պետք է դրսում մնան, որ հետքերը թաքցնեն»:



Զրուցակիցս ասաց նաեւ, որ դեռ 2016 թվականին ինքը հայտարարում էր, թե բանակի ՈՒԱԶ-ները Մանվելի գարաժում են: «Էդ ժամանակ բանի տեղ չդրեցին՝ նոր-նոր բացահայտում են: Հիմա էլ ասում եմ՝ գնացեք մնացած զենքը գտեք, ժողովրդից գողացած ոսկիներն ու դոլարները փնտրեք»:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**