Այս ամենն արդեն հումորի է վերածվում․․․

Այս ամենն արդեն հումորի է վերածվում․․․
 



Մի հին անեկդոտ կա, իսկը մեզ է վերաբերվում։



Մարդամեկի զոքանչը մահամերձ է լինում։ Փեսան գլխավերևում կանգնած՝ երանությամբ սպասում է, որ ուր որ է զոքանչը էն աշխարհը կգնա։ Զոքանչը աչքերը փակ ու անշարժ տնքտնքում է։



Հանկարծ որտեղից որտեղ մի ճանճ է հայտնվում, սկսում բզզալ և զոքանչը աչքերը բացում ու սկսում է ճանճին նայել։ Փեսան զոքանչին ասում  է՝ այ կնիկ, ուշադրությունդ մի շեղիր, ես ճանճը կքշեմ, դու քո գործին կաց։



Հիմա մենք ենք։ Երանությամբ, անհամբեր սպասում ենք, թե ԱԱԾ-ն ՛՛ում կբռնի՛՛։ Մեր ամբողջ ուշադրությունը դրա վրա է։ Եթե հանկարծ մեկը այդ թեմայից դուրս է խոսում, ինչ որ կետից ստոպ են տալիս՝ դավաճան հայվան, ուշադրությունդ մի շեղիր․․․



Զգու՞մ եք արդեն, որ այս ամենը հումորի է վերածվում։ Մեր դերասաններից այս էլ որերորդն է իր ֆեյսբուքի կամ ինստագրամի էջում «ԱԱԾ-ի կողմից գրոհի ենթարկում իրեն»։ Այսօր էլ՝ Արամը։



Երբ մի բան հումորի է վերածվում, իշխանությունը պիտի մտածի։ Գուցե մոտեցման  ձևը փոխի՞․․․ Ի՞նչ պարտադիր է, որ ողջ ազգով « թամաշա անենք», թե Վալերի Օսիպյանը ոնց է «մեծ որսի դուրս գալիս», հետո ձեռնունայն  մնում։ Անգամ զինվորի, սահմանի թեման ենք մոռացել։



Մի ուղղությամբ ենք մտածում՝ ու՜խ, սրան էլ բռնեցին․․․ Այդ առումով ուրախալի է, որ հումորը մեզ շեղում է, թեկուզ մի պահ։ Պահն էլ է չէ՞ կյանք․․․



Գոնե մի ճանճ՝  աչքներիս դեմով անցնի․․․ Միևնույն բանի վրա սևեռվելը․․․



Անտանելի է ապրել մի երկրում, որտեղ «սեր ու հանդուժողականություն է հաստատվում» ԱԱԾ-ի ու ոստիկանության միջոցով։  Շարքային քաղաքացին չպիտի զգա ԱԱԾ-ի շունչը իր դեմքի վրա։ Կարելի է գողին, հանցագործին բռնել՝ առանց աղմուկի, ազդանշանների։ Արգելվել է երեկոյան ժամը 10-ից հետո մարդկանց հանգիստը խանգարելը, բայց ողջ օրը «սկանդալային բացահայտումներով»՝  «դիվադադար են անում մարդկանց»։



Հասմիկ Բաբաջանյան