Ընտրակաշառք-բարեգործության աչքկապոցի չի լինելու

Ընտրակաշառք-բարեգործության աչքկապոցի չի լինելու
Երեկ արդեն [տեղեկացրել էինք](https://www.hraparak.am/posts/5b30f4a55724f9386185f431/%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D5%B8%D6%82-%D5%B4%D5%B8%D5%BF%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D5%BE%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AD%D5%A1%D5%BC%D5%A8-%D5%BC%D5%A5%D5%B5%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3), որ Ընտրական օրենսդրության հանձնաժողովն իր առաջին նիստն արեց։



Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձնաժողովը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ երեկ իր անդրանիկ նիստն անցկացրեց։ Առաջին նիստում հասցրել են անդրադառնալ միայն նախընտրական քարոզչությանը վերաբերող հարցերին։ Նիստից հետո Արարատ Միրզոյանին հարցրինք՝ ի վերջո կառավարության եւ ԲՀԿ-ի միջեւ ի՞նչ կոմպրոմիս է տեղի ունեցել «Բարեգործության մասին» օրենքի շուրջ, որի մասին հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, սակայն հետո հերքեց վարչապետի խոսնակը։



Միրզոյանն ասաց, որ ինքը չի հասցնում շատ հետեւել խորհրդարանական պրոցեսներին եւ հասցնում է միայն փաստերն արձանագրել․ «Ես գիտեմ, որ գործ ունենք «Ծառուկյան դաշինքի» կողմից օրենքի նախագծին կողմ քվեարկելու փաստի հետ, իմ համար էսքանով հարցը փակված է»։



Փորձեցինք նորից հստակեցնել՝ այդ դեպքում ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը հայտարարում, որ կոմպրոմիս է եղել նախագծում, իսկ վարչապետի խոսնակը հայտարարում է, որ որեւէ կոմպրոմիս չկա, նախագիծը խորհրդարան է մտել նախնական տեսքով եւ քվեարկվել այնպես, ինչպես ներկայացրել էր կառավարությունը։



«Ես վստահ եմ, որ տիկին Զոհրաբյանը մեր միջեւ տեղի ունեցած որոշ քննարկումներ նկատի ունի, որտեղ որոշ հարցեր պարզաբանվել են։ Սա կոնսենսուս-կոմպրոմիս է, ինչպես ասում են խորհրդարանում, կամ ինչպես ասում է վարչապետի մամլո խոսնակը, ճշտելու համար երեւի թե հարցերի պատասխանը, փնտրեք խորհրդարանում եւ վարչապետի մամլո խոսնակի մոտ։ Ես ասացի, որ արձանագրում ենք փաստը՝ օրենքն ընդունվել է էնպես, ինչպես ուղարկվել է։ Ընդհանրապես, քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է։ Եվ մեկնաբանությունները տարբեր կարող են լինել։ Ես՝ ինքս, եւ մեր ներկայացրած քաղաքական ուժը միշտ պատրաստ ենք քննարկումների եւ միշտ պատրաստ ենք փոխզիջումների, որից հնարավոր է, որ կշահեն ՀՀ քաղաքացիները»,- ասաց նա։



Հարցրինք նաեւ՝ ի վերջո, տրակտոր նվիրելը կամ որեւէ տեսակի այլ բարեգործություն կատարելը նախընտրական շրջանում ընտրակաշառք դիտվելո՞ւ է, թե՞ ոչ, սրա դեմ ինչ-որ պայքար տարվելո՞ւ է Ընտրական օրենսգրքով։ Միրզոյանն այս մասով էլ ասաց, որ իրենք աչքկապոցի չեն անելու, թույլ չեն տալու որեւէ մեկին խաբել ժողովրդին եւ անել քարոզչություն ընտրակաշառքի տեսքով եւ դա վերագրել բարեգործությանը։ «Այդպիսի բան չի կարող լինել այլեւս նոր Հայաստանում»,- ասաց նա։



Այդպես էլ պարզ չդարձավ, թե որն է կոմպրոմիսը, եւ արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմը պայքարելո՞ւ է Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների դեմ։ Միրզոյանի խոսքից կարելի է ենթադրել, որ, ամեն դեպքում, իրենք չեն հրաժարվել բարեգործությունը սահմանափակելու մտադրությունից, եւ որ կոմպրոմիսը գուցե ներքին կարգով է եղել, բայց ո՛չ օրենսդրական մակարդակով։ Ուղղակի գուցե աչք փակեն որոշ «բարեգործությունների» վրա, փոխարենը օրենքով դա կարգելեն։ Իսկ եթե իսկապես աչք չեն փակելու, ապա հետաքրքիր է՝ ի՞նչ է անելու այս դեպքում ԲՀԿ-ն, ով առանց բարեգործության «ուղղակի կյանք չունի»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**