Նախագահականը չի մեկնաբանում կառավարության հայտարարությունները

Նախագահականը չի մեկնաբանում կառավարության հայտարարությունները
Կառավարությունն արդեն «մեսիջներ» է հղում նախագահականին՝ հասկացնելով, որ իշխանական հիերարխիայում միակ եւ անվերապահ «ասողն» ինքն է, եւ նախագահ Արմեն Սարգսյանն իրավունք չունի գերազանցել «անգլիական թագուհու» կարգավիճակը, հատկապես՝ արտաքին քաղաքական հարցերում։ Նախօրեին կառավարությունն իր մամուլի խոսնակի միջոցով մի «հարցազրույց» էր կազմակերպել պետական լրատվական գործակալությանը, որտեղ ընդամենը երկու հարց կար։ Դրանցից մեկը վերաբերում էր հունիսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցին ԱՄՆ եւ իր հարազատ Միացյալ Թագավորություն։ Ենթատեքստը, ինչպես կարելի է հասկանալ հարցուպատասխանից, այն է, որ ՀՀ նախագահն առանց թույլտվության՝ «ինքնագլուխ» է մեկնել Լոնդոն՝ աշխատանքային հանդիպումների, եւ պատրաստվում է պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ ունենալ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում: Հարց է հնչում՝ արդյոք այս այցերը համաձայնեցվա՞ծ են ՀՀ վարչապետի հետ: Վարչապետի մամուլի խոսնակը պատասխանում է․ «ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարությունը, եւ, հետեւաբար, յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ եւ տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում»։ Դժվար է ասել, թե ինչ «համատեքստ» եւ ինչ ենթատեքստ նկատի ունի խոսնակը։ Թերեւս սրանով փաստացի ակնարկում են, որ նախագահն առանց վարչապետի թույլտվության, առանց նրա համաձայնության ու հանձնարարության չի կարող որեւէ տեղ մեկնել, երեւի միայն արձակուրդ, թեպետ դա էլ է արդեն կասկածի տակ դրվում։ Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները ժամանակին պարբերաբար խոսում էին սուպերվարչապետական համակարգը փոխելու, լծակներն ու լիազորությունները համաչափ բաշխելու եւ, մասնավորապես, ՀՀ նախագահի ինստիտուտի լիազորությունները մեծացնելու մասին։



Խոսնակի «պարզաբանումից» կարելի է ենթադրել, որ նախագահ Արմեն Սարգսյանի այս «ինքնագլուխ», առանց վարչապետի «համաձայնության ու հանձնարարության» այցն օտար երկրներ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ոչ մի երկիր պաշտոնական այցի չի մեկնել, վրդովեցրել է նոր կառավարությանը։ Ու սրանով «մեսիջ» են հղում երկրի «գլխին», որ այլեւս նման բան չանի։



Երեկ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական **Հասմիկ Պետրոսյանից** հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանեն վարչապետի մամուլի ծառայության այս «մեսիջները», եւ Արմեն Սարգսյանի այցերը վարչապետի համաձայնությամբ ու հանձնարարությա՞մբ են կատարվել, թե՞ ոչ։



Եվ ստացանք, ահա, այս դիվանագիտական պատասխանը ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից․ «Հայաստանի Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Հանրապետության նախագահի արտերկրյա այցերը տեղի են ունենում համակարգված եւ փոխհամաձայնեցված կերպով»։ Մամուլի խոսնակի «մեսիջները» չմեկնաբանեցին․ «Մեր իրավասությունների շրջանակում չէ մեկնաբանել պետական կառավարման այլ մարմինների մեր գործընկերների հայտարարությունները»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**