«Տաշիր գրուպի» լավությունն ու վարչապետի «վատությունը»

«Տաշիր գրուպի» լավությունն ու վարչապետի «վատությունը»
Կառավարությունն իր երեկվա նիստով չեղարկեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը: Այսինքն՝ «Տաշիրին» զրկեց ԲԷՑ-ի հավատարմագրային կառավարումից, որի իրավունքը ստացել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք։ Որոշման նախագիծը կառավարության դատին ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, որն առաջինն էր հպարտորեն բարձրաձայնել այս որոշման մասին:



Իսկ հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲԷՑ-ի կառավարման մասով ասել էր․ ««Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը պետք է ստանձնի իշխանության հետ որեւէ կապ չունեցող եւ օֆշորային գոտիներում չգրանցված ընկերություն»։ Նկատենք, որ մինչ այդ լուրեր էին շրջում, թե ԲԷՑ-ը վերցնելու մտադրություն ունի հենց Գագիկ Ծառուկյանը, եւ ԲՀԿ-ի քվոտայով նախարար դարձած Արթուր Գրիգորյանն այդ ծրագիրն էր կյանքի կոչում՝ «Տաշիրին» ԲԷՑ-ի կառավարումից զրկելով։ Փոխարենը «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի կազմի մեջ է մտնում «Տաշիր կապիտալը», կառավարության հետ բանակցություններում համաձայնել է իր շահույթի հաշվին 10 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն միայն սոցիալապես անապահով խավի, այսինքն՝ «Փարոսում» ընդգրկվածների համար։



Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը երեկ մեզ ասաց, որ որոշումն արդեն կա՝ հուլիսի 1-ից անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ռեժիմում կդառնա 40-ից 30 դրամ, իսկ գիշերայինի համար՝ 30-ից 20։ Նախարարը հաստատեց, որ այս որոշումը կայացվել է առանց ՀԾԿՀ-ում քննարկման, քանի որ ՀԷՑ-ը կառավարող «Տաշիր գրուպ» ընկերությունն իր վրա է վերցրել սակագնի իջեցման բեռը։ Այսինքն՝ դա տեղի կունենա ընկերության շահույթի հաշվին։ «Տաշիր գրուպը», հիշեցնենք, պատկանում է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին, որի եղբայրը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն է։ Փաստորեն ստացվում է՝ Սամվել Կարապետյանը մի կողմից համաձայնում է լավություն անել Փաշինյանի կառավարությանը, որ իր գրպանից իջեցնի հոսանքի սակագինը՝ դրանով բարձրացնելով վարչապետի ռեյտինգը, մյուս կողմից նույն այդ վարչապետը Սամվել Կարապետյանի ընկերությանը զրկում է ԲԷՑ-ից։



Նախարար Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ գազի սակագնի մասով որեւէ փոփոխություն սպասվո՞ւմ է՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ Մոսկվա կատարած այցի շրջանակներում վարչապետը ռուսական կողմի հետ նաեւ էներգետիկ ոլորտին առնչվող քննարկում է ունեցել։ Գրիգորյանն ասաց, որ գազի սակագնի շուրջ որեւէ քննարկում չի եղել։ Սակայն նախօրեին «Գազպրոմ Արմենիան» նույնպես հայտարարություն տարածեց անապահով խավի համար 600 խմ գազի համար սակագինը 100 դրամի փոխարեն 80 դրամ գանձելու մասին։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**