Օսիպյանը փորձում է Վանոյի փառքի՞ն արժանանալ

Օսիպյանը փորձում է Վանոյի փառքի՞ն արժանանալ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը որոշել է հետ չմնալ ԱԱԾ-ի իր գործընկերոջից եւ ոչ պակաս հնչեղ բացահայտումներ իրականացնել։ Միայն պարզ չէ, թե ով ում գործն է կատարում, ի վերջո․ ԱԱԾ-ն՝ ոստիկանությա՞ն, ոստիկանությունը՝ ԱԱԾ-ի՞, թե՞ ԱԱԾ-ն՝ ՊԵԿ-ի եւ Քննչական կոմիտեի։ Ամեն դեպքում, մեկը մյուսին հերթ չտալով՝ բացահայտումների մրցավազք են սկսել եւ ուզում են հասարակության՝ արդարություն պահանջողների կողմից փառքի դափնիների արժանանալ։ Նման մի բան 90-ականներին արեց ներքին գործերի այն ժամանակվա նախարար Վանո Սիրադեղյանը, երբ իրեն հռչակեց երկրի թիվ մեկ գողն ու որոշեց բոլոր գողականներին եւ քրեական տարրերին վռնդել Հայաստանից։ Վանոն դրանով մտավ պատմության մեջ՝ որպես գողականների հախից եկած «գողական»։ Ոչ բացահայտ, կարելի է ասել, ներքին կարգով իրեն երկրի թիվ մեկ «գող» էր հռչակել նաեւ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ իր Արշակով։ Ասում են՝ Հայաստանում գոյություն ունեցող ու Հայաստան մտնող քրեականների զգալի մասը Վովայի ու Վովայի Արշակի ձեռքի տակով էին անցնում, նրանք էին «դաբրո» տալիս, թե որ գողականն ինչ արտոնություն ունենա երկրում։ Եվ շատ քիչ գողականներ էին, որ, իրենց «պանյատներին» հավատարիմ, ոստիկանության ցուցակներով ու թրի տակով չէին անցնում։ Ասում են՝ Վովան հայտարարել էր, որ նրանք ոչ թե օրենքով գող են, այլ իր գողերն են, քանզի օրենքն ինքն է։ Հիմա նորանշանակ ոստիկանապետ, տարիներ շարունակ Վովա Գասպարյանի միտինգ ցրելու հրամանները կատարած Վալերի Օսիպյանն այսօր կարծես փորձում է Վանոյի փառքին հավակնել։ Թեպետ, երբ երեկ հարցրինք, թե Վանո Սիրադեղյանի փո՞րձն է կրկնում՝ «գողականների» մասով, Օսիպյանը զարմացավ․ «Դա ո՞րն է»։



**- Նկատի ունենք՝ նա էլ գողականներին չէր սիրում, «ռեյդեր» էր անում գողականների նկատմամբ, բոլորին «լարեց» Հայաստանից։**



Հարգելիներս, մեր խնդիրը որեւէ մեկին լարելը չէ Հայաստանից, այդ Ձեր ասած էդ գողական կոչեցյալները…



**- Քրեական հեղինակությունները՝ այդպես են ասում նաեւ։**



Այ, քրեական հեղինակությունները, չէ՞, իրենք էլ են նույնպես մարդ, անձնավորություններ, իրենք էլ են ՀՀ քաղաքացիներ, նույնպես ունեն իրավունքներ եւ պարտականություններ։ Անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք Հայաստանի Հանրապետությունում պետք է ենթարկվի օրենքին։



**- Վանո Սիրադեղյանը դրանով մտավ պատմության մեջ, մարդիկ մինչեւ հիմա հիշում են, որ նա քրեական տարրերին չեզոքացրեց, ասաց՝ ես եմ երկրի թիվ մեկ գողը։ Ձեր մոտեցումը ո՞րն է։**



Մեր մոտեցումը հետեւյալն է՝ օրենքի առջեւ բոլորը հավասար են։



**- Դո՞ւք էլ կմնաք պատմության մեջ այս հարցում։**



Պատմության մե՞ջ… բայց չեմ հասկանում իմաստը պատմության… բոլորս էլ՝ մենք էլ, Դուք էլ, ներկայիս կյանքն արդեն պատմություն է։



**- Ասում են՝ Վովա Գասպարյանի օրոք գողականները լայն արտոնություններ ունեին, նույնիսկ ասում էին, թե իրեն էին դիմում, որ կարողանան գալ Հայաստան, ազատ տեղաշարժվել։ Նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն էլ, ըստ տեղեկությունների, լայն կապեր ուներ քրեական աշխարհի հետ։**



Հայաստանի Հանրապետության դռները բաց են բոլոր քաղաքացիների համար, բայց օրենքը գերակա է մեր երկրում, պետք է բոլորը հարգեն։



**- Իսկ Վովա Գասպարյանն արտոնություններ տվե՞լ էր գողականներին։**



Արտոնությունների մասին Դուք կարող եք հարցնել նախորդներին՝ արդյոք եղե՞լ է արտոնություն, թե՞ ոչ։ Ես այդ ոլորտում չեմ եղել, տեղեկացված չեմ եղել։