Ո՞րն էր Մանե Թանդիլյանի սկզբունքայնության նպատակը

Ո՞րն էր Մանե Թանդիլյանի սկզբունքայնության նպատակը
Ինչպես [տեղեկացրել էինք](https://www.hraparak.am/posts/5b2b535b9c92d8623b438a89/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%B7%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%B6%D6%80%D5%A1-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%B9%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%A5%D6%81-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9), վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ չի ընդունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը։ Թանդիլյանն էլ համաձայնեց շարունակել աշխատել Փաշինյանի թիմում։ Հիշեցնենք, որ Թանդիլյանը հրաժարական էր տվել Պարտադիր կուտակայինի հետ կապված իր սկզբունքային դիրքորոշման պատճառով, որ պարտադիր բաղադրիչը պետք է հանվի։ Մինչդեռ կառավարությունն այս պահին նման այլ լուծում է փորձում տալ՝ չհրաժարվելով պարտադիր բացադրիչից։



Նիստից հետո **Hraparak.am**-ը Մանե Թանդիլյանին հետ զրույցում նկատեց, որ իրեն գնահատեցին իր սկզբունքայնության համար, երբ հրաժարական տվեց, բայց հիմա կարող է հակառակը լինել՝ նրան մեղադրեն անսկզբունքայնության մեջ։



Ի պատասխան՝ Թանդիլյանն ասաց, որ սկզբունքայնությունն ունի նպատակ․ «Նպատակ՝ բարեփոխել երկիրը։ Եթե քայլեր կան, որոնք ծառայելու են բարեփոխելու նպատակին, սա է առաջնայինը։ Եվ ես ասել եմ բազմաթիվ անգամ, հիմա էլ շեշտում եմ՝ պետության շահն առաջնային է ինձ համար, ինձ համար առաջնային է կուտակային համակարգի այնպիսի տեսքով ներդրումը, որն ընդունելի կլինի լայն հասարակության համար»։



Թանդիլյանը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ տեսք կունենա այն նախագիծը, որը բերվելու է երկու ամսվա ընթացքում։ «Ես կներկայացնեմ նախագիծը, դուք կծանոթանաք, և նաև հանրության հետ քննարկումների ընթացքում մենք կունենանք այն տեսքը, որն ընդունելի և ընկալելի կլինի հանրության համար»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե այդ նախագծում պարտադիր բաղադրիչը կլինի՞, թե՞ կհանվի։



Դիտարկմանը, թե գուցե էմոցիոնա՞լ որոշում էր իր հրաժարականը, նախարարը նկատեց, որ իրեն մեղադրում են հաճախ ոչ էմոցիոնալ լինելու մեջ՝ վստահեցնելով, որ էմոցիոնալության որևէ խնդիր չկա, ինքը հստակ ներկայացրել է հրաժարականի պատճառը։



**Hraparak.am**-ը փորձեց նորից հստակեցնել՝ հիմա վերջնական լուծումը լինելո՞ւ է այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի, ի վերջո իր նպատակը դա էր, Թանդիլյանը նորից չհստակեցրեց՝ նշելով․ «Ես կներկայացնեմ նախագիծը, կտեսնեք։ Լուծումները տարբեր են, բազմաթիվ են, այո, այնտեղ լինելու է կամարտահայտության սկզբունք լինելու է, թե ինչպիսին՝ թույլ տվեք նախագծի տեսքով ներկայացնել»։



Թանդիլյանը իր հրաժարականի դիմումը ներկայացնելիս հայտարարել էր, որ դուրս է գալիս նաև իրեն այդ պաշտոնին ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Մեր հարցին՝ հիմա ենթադրվո՞ւմ է, որ նախարարի պաշտոնում մնալուն զուգահեռ՝ կշարունակի մնալ նաև կուսակցության անդամ, Մանե Թանդիլյանն ասաց, որ որևէ հարց չի կարող առաջանալ այդ հարցում, ինքը կմնա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ։



«Տրամաբանությունը հրաժարականի բացատրված է, հետևաբար այստեղ հարց էլ առաջանալ չի կարող, իհարկե, մնում եմ։ Ես պարզ գրել էի, որ ես հրաժարական եմ տվել, և եթե հրաժարականն ուժի մեջ էր մտնում, ուժի մեջ էր մտնում նաև իմ՝ «Լուսավոր հայաստան» կուսակցության խորհրդի անդամությունից հրաժարականը»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն այդ պաշտոնին առաջադրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**