Ապրիլի 22-ին ծեծի ենթարկված լրագրողի տեխնիկան իրեն է վերադարձվել առեղծվածային կերպով

Ապրիլի 22-ին ծեծի ենթարկված լրագրողի տեխնիկան իրեն է վերադարձվել առեղծվածային կերպով
Ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլի 22-ին, Ավան թաղամասի Աճառյան փողոցում բժշկական դիմակներով մի խումբ անձինք հարձակվել էին Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադեւոսյանի մեքենայի վրա, ջարդել այն, խլել հեռախոսն ու պլանշետը, հարվածներ հասցրել լրագրողի գլխին։ Վրույր Թադեւոսյանն անմիջապես իր ֆեյսբուքյան էջով, ուղիղ միացմամբ, նկարահանել էր հարձակվողներին։ Հետագայում քրեական գործ է հարուցվել, Վրույր Թադեւոսյանն առերեսման ժամանակ ճանաչել է Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից Արթուր Գասպարյանին, իսկ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ իր վրա հարձակված անձանց շարքում են եղել նաեւ Ավանի թաղապետարանի աշխատակից Կարեն Տոնոյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Էդմոն Պետրոսյանը։



Վրույր Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անընդհատ նամակներ է ստանում, որոնցում ասվում է, թե Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանը նույնպես եղել է դիմակավորված անձանց շարքում։ Էդմոն Պետրոսյանը եւ Կարեն Տոնոյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, սակայն ստորագրությամբ բաց են թողնվել։



Վրույր Թադեւոսյանին պատկանող պլանշետն ու հեռախոսը նրան են վերադարձվել առեղծվածային կերպով։ Նա իրեն պատկանող տեխնիկան ստացել է տաքսու վարորդից, ինչից հետո ոմն Արտակ հեռախոսով ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Վրույր Թադեւոսյանի պնդմամբ՝ իրեն վերադարձված հեռախոսն իրենը չէ, իր հեռախոսից մեկ մոդել ցածր է, իսկ պլանշետից ջնջված է պարունակությունը։ Թադեւոսյանի պնդմամբ՝ ինքն էլ չգիտի, թե որտեղից են գտել իր հեռախոսահամարը եւ պարզել հասցեն։ Դեպքի առթիվ Թադեւոսյանը դիմել է ոստիկանություն։ Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց լրագրողը, տաքսու վարորդն իրեն ասել է, որ «ծանրոցն» ստացել է մայիսի 5-ին, Աբովյանից։ Ոստիկանության Նոր Նորքի բաժինը դիմել է ոստիկանության Աբովյանի բաժին՝ տաքսու վարորդի նշած հասցեի տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի ՝ մայիսի 5-ի և 4-ի տեսագրություններն ստանալու համար, սակայն Աբովյանի ոստիկանությունն ուղարկել է մայիսի 4-ի տեսագրությունը։ Կրկնակի դիմել է ոստիկանության Աբովյանի բաժին, որպեսզի ուղարկվի մայիսի 5-ի տեսագրությունը։



Լրագրող Վրույր Թադեւոսյանը տարակուսում է ոստիկանության գործողությունների մասով։ Նրա խոսքով՝ չնայած որ արդեն 2 ամիս է անցել դեպքի օրվանից, սակայն որեւէ տեղաշարժ ոստիկանության աշխատանքում չկա, իսկ տեղի ունեցած բացահայտումներն էլ լրագրողների աշխատանքի արդյունքն են։ Թադեւոսյանը մեզ հետ զրույցում կասկածի տակ առավ նաեւ դատափորձաքննական մարմնի աշխատանքը՝ ասելով, որ նույնիսկ իր տեխնիկայի արտաքին նկարագրությունը ճիշտ չէ արված։



«Այս պլանշետի գույնը, եթե տեխնիկայի համար ենք ասում, գոլդ է, մինչդեռ դատափորձաքննող մարմինը փորձաքննության ժամանակ պլանշետի գույնն արծաթագույն է տեսել, վնասված էկրանն ընդհանրապես չի տեսել։ Ես գրել եմ, որ վնասված տեղեր կան, բայց իրենք միայն գրել են, որ ներքեւի մասում վնասված է բարձրախոսը, բայց իրականում միայն բարձրախոսը չէ, որ փչացել է։ Այս վիճակում այս պլանշետին վաճառքի մասնագետներն ընդամենը 40 հազար դրամ են տալիս։ Դատաքննական մարմինն իմ ասածները չի ներառել ու պլանշետն էլ արծաթագույն է տեսել։ Դա արդեն իսկ կասկածի տակ է դնում իրենց գործունեությունը։ Մեքենային հասցված վնասը դատափորձաքննական մարմինը գնահատել է մոտ 240 հազար դրամ, մինչդեռ մասնագետները, որոնց ես ցույց եմ տվել մեքենան, 600 հազար դրամ են գնահատել հասցված վնասը»,- մեզ հետ զրույցում ասաց Վրույր Թադեւոսյանը։



Մեքենային հասցված վնասը նույնպես մինչ օրս չի վերականգնվել։ Թադեւոսյանը դեռեւս չի կարողանում օգտագործել իր սեփականությունը հանդիսացող մեքենան։ Փոխհատուցման համար դիմել է Լենա Նազարյանի օգնականին, քանի որ դեռ ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վնասված բոլոր մեքենաների վնասները փոխհատուցվելու են։ Թադեւոսյանի պնդմամբ՝ իր մտահոգությունները կիսել են, սակայն դեռ չի հասկացել, թե որ փուլում է իրեն տրամադրվելու փոխհատուցումը․ «Դեռ ցույցերի ժամանակ վարչապետը հայտարարեց պաշտոնապես, որ ջարդված մեքենաների համար իրենք են փոխհատուցելու։ Երբ որ այս գործընթացները եղան, տեղեկացրին, որ ես կապվեմ Լենա Նազարյանի օգնականի հետ՝ Քրիստինա Պողոսյանի, ով զբաղվում է այդ ինֆորմացիայի հավաքագրմամբ եւ իրավասու է հարցերին պատասխանել։ Մոտ 2 շաբաթ առաջ զանգում եմ Քրիստինե Պողոսյանին՝ պարզելու գործընթացը։



Հարցը հետեւյալն է․ եթե արդեն կա դատափորձաքննականի եզրակացությունը՝ պատճառված վնասի չափի վերաբերյալ, որն այս պարագայում էլի կասկածելի է, եթե ես գործով ճանաչվել եմ տուժող, այսինքն՝ ակնհայտ է, որ ես այդ ցույցերի ժամանակ տուժել եմ իմ մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ, եւ հայտարարվել է, որ վնասը փոխհատուցվելու է։ Ըստ էության՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան, մնում է, որ միայն մեղավորները բացահայտվեն։ Իմ հարցը հետեւյալն է՝ ո՞ր փուլում է լինելու փոխհատուցումը։ Ես իրավունք չունեմ մեքենան վերանորոգել, որովհետեւ բողոքարկման պրոցես հնարավոր է լինի, այսինքն՝ եթե ես համաձայն չեմ վնասի էդ չափի հետ, ես չեմ կարող իմ մեքենան օտարել, իրավունք չունեմ այդ վիճակում այն վարել, որից բավական լուրջ խնդիրներ են առաջանում իմ կյանքում, իմ աշխատանքում եւ, առհասարակ, իմ առօրյայի մեջ»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**