Դուք ի՞նչ եք առաջարկում՝ որպեսզի արված գործերի մասին չխոսվի

Դուք ի՞նչ եք առաջարկում՝ որպեսզի արված գործերի մասին չխոսվի
ԲՀԿ-ն «Բարեգործության մասին» օրենքի նախագծի շուրջ կոմպրոմիսի է եկել կառավարության հետ ու արդեն դեմ չէ այդ օրենքի ընդունմանը։ Իսկ ընդամենը օրեր առաջ ԲՀԿ-ականները բացահայտ պատերազմ էին հայտարարել նախագծի հեղինակ Կարեն Կարապետյանին եւ նրանից հետո գործընթացը շարունակող Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները նախորդ քառօրյայի հայտարարությունների ժամին այնպիսի ելույթների շքերթ կազմակերպեցին ընդդեմ այս նախագծի ու այն ԱԺ ուղարկողի, որ դրանից ավել՝ մեկ էլ մնում էր առյուծներին բաց թողնեին Նիկոլ Փաշինյանի վրա։



Թերեւս նաեւ այդ քաղաքական «հեռանկարն» է ստիպել Նիկոլ Փաշինյանին, որ գնա կոմպրոմիսի եւ որոշ կոսմետիկ փոփոխություններ մտցնի բարեգործությունը սահմանափակող օրինագծում, որ չսահմանափակվի երկրի թիվ մեկ բարեգործի՝ Գագիկ Ծառուկյանի մեկենասությունը։ Հիշեցնենք, որ այս օրինագծի իմաստը ընտրությունների փուլում բարեգործություն թույլ չտալն է, քանզի ենթադրվում է, որ Ծառուկյանը բարեգործության շնորհիվ է նաեւ այդքան շատ ձայն ստանում։ Հենց սա էր ուզում արտահերթ ընտրությունների նախաշեմին կասեցնել Նիկոլ Փաշինյանը՝ նախագիծը հապշտապ օրակարգ մտցնելով։



Երեկ այս նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկում նախագծին, քանի որ կառավարության հետ եկել են կոմպրոմիսի։ Թե ինչ կոմպրոմիսի մասին է խոսքը, նույն խմբակցության պատգամավոր, նախկինում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ղեկավարած Իվետա Տոնոյանն ասաց․ «Երկու օր առաջ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ հստակ ֆիքսվել է էն հանգամանքը, որ այն կազմակերպությունները, որոնք որ երեք կարեւոր մասով ակնկալիքներ չունեն, մասնավորապես՝ հարկային արտոնություններ, պետության կողմից շնորհակալագրեր, պատվոգրեր եւ կոչումներ ունենալու հանգամանք ու նաեւ՝ եթե պետության աջակցության ակնկալիք չունեն, եթե էս երեք մասով չեն առնչվում, ուրեմն «Բարեգործության մասին» օրենքը նրանց որեւէ կերպ չի առնչվում»։



**- Իսկ այդ պետական պարգեւի ակնկալիք չունենալն ի՞նչ է նշանակում, օրինակ՝ Ալեք Մանուկյանին էլ իր բարեգործությունների համար Ազգային հերոսի կոչում են շնորհել․ հիմա, եթե մի օր էլ պետությունը որոշի Գագիկ Ծառուկյանին իր բարեգործությունների համար պարգեւատրել, դա կհամարվի օրենքի խախտո՞ւմ։**



Չէ, դա այլ բան է, եթե պետությունն ինքը սեփական նախաձեռնությամբ որոշում է նման բան անել, բայց եթե բարեգործը բարեգործություն անում է հատուկ ակնկալիքով, որ արժանանա…



**- Այդ ակնկալիքն ինչպե՞ս է դրսեւորվում, ասենք՝ մի կողմից բարեգործություն է անում, մյուս ձեռքով էլ աչքով-ունքով է անում, որ իրեն պարգե՞ւ տան։**



Ես չեմ կարող դա հստակ ասել, քանի որ կոնկրետ էս դեպքում դա որեւէ կերպ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին չի վերաբերում, որովհետեւ երբեւէ նման ակնկալիք չի եղել։



**- Կարո՞ղ ենք ենթադրել, որ նախորդ քառօրյային ձեր խմբակցության պատգամավորների բարձրացրած աղմուկն ազդեց կառավարության որոշման վրա, եւ չուզեցին ավելորդ լարվածություն ստեղծել ձեր միջեւ։**



Ես կարող եմ էսպես ասել՝ մենք նախորդ նիստի ժամանակ բարձրացրել ենք ինչպես մեզ, այնպես էլ, վստահ եմ, հասարակության լայն շերտերին հուզող հարց։ Եվ էս դեպքում եղել է կոմպրոմիս։



**- Այս նախագծի ենթատեքստն այն է, որ բարեգործությունն այս տարիներին ասես «օրինական» ընտրակաշառքի դեր է կատարել, այս նախագծով դրա դեմն էին փորձում առնել։ Դուք ինչո՞վ եք համոզել, որ դա չի իրականացվում ձեր կողմից։**



Նախ սկսենք նրանից, որ կոնկրետ նախընտրական քարոզարշավի շրջանում բարեգործության իրականացման հարցն արդեն իսկ Ընտրական օրենսգրքով համակարգվում է, եւ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Եթե խոսում ենք արդեն գլոբալ առումով՝ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածի մասին, կարող եմ Ձեզ ընդամենը մեկ օրինակ բերել՝ 2015 թվականին, երբ որ Գագիկ Ծառուկյանը հեռացել էր քաղաքականությունից, էդ ժամանակահատվածում՝ 2015-2017 թթ․, նրա բարեգործական ծրագրերի ե՛ւ աշխարհագրությունը, ե՛ւ ծավալները մի քանի անգամ ավելացել են։



**- Բայց այն, որ այդ բարեգործությունն ակտիվորեն գովազդվում է, որպեսզի լայն մասսաներն իրազեկվեն, քաղաքացու մոտ կարող է, չէ՞, դրական կերպար ձեւավորվել տվյալ բարեգործ քաղաքական գործչի նկատմամբ, ինչն էլ հետո իր ազդեցությունը կարող է թողնել այդ քաղաքացու ընտրության վրա։**



Դուք ի՞նչ եք առաջարկում, որպեսզի արված գործերի մասին չխոսվի՞, որպեսզի չներկայացվի՞ էն կատարված ահռելի աշխատանքը, որն արվում է։ Ես կարծում եմ, որ սա ընդհանրապես տրամաբանությունից դուրս է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**