Պաշտոնյաներն իրենց բիզնեսը ծաղկեցնում են պետգնումների միջոցով

Պաշտոնյաներն իրենց բիզնեսը ծաղկեցնում են պետգնումների միջոցով
Այն, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից շատերը եւ նրանց փոխկապակցված անձինք՝ հայր, մայր, զավակ, բիզնեսներ ունեն, մասնակցում են պետգնումներին ու տարատեսակ կոռուպցիոն սխեմաներով հաղթում, ահազանգում են ոչ միայն հակակոռուպցիոն, շահերի բախման մոնիտորինգ իրականացնող ՀԿ-ները, այլ նաեւ պետական մարմինները: Մասնավորապես՝ պետության կարիքների համար ավիատոմսերի գնման բնագավառում առկա «պրիմիտիվ գողությանը» վերջ տալու մասին խոսում էր նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: 2017թ. հոկտեմբերից մինչեւ 2018թ. մարտ ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրություն: 2 հազար 181 հայտարարագրի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ: 



Պարզվել է, որ 2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող: Նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր: Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում (14%) առկա է շահերի առերեւույթ բախման իրավիճակ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել: Ուշագրավ է, որ նշված պայմանագրերում թեեւ բացակայել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստորագրությունները, այդուհանդերձ, մրցույթների իրականացման եւ հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չպետք է բացառել ինչպես հորիզոնական, գործընկերային հարաբերությունների, այնպես էլ վերադասի լիազորությունների իրացման միջոցով: Այդ մասին են վկայում ընդհանուր օրինաչափությունից շեղումները:



Այսպես․ պայմանագրերից 469-ը՝ 66%-ը, կնքվել է առանց հայտարարության՝ բանակցային ընթացակարգի շրջանակներում: «Համադրելով այս ցուցանիշը 2016-2017թթ. կայացած գնումներում նշված ընթացակարգին բաժին ընկնող միջին ցուցանիշի հետ (շուրջ 12%)՝ բացահայտվել է էական տարամիտում, ինչն օրինաչափ չէ եւ վկայում է շահերի բախման ռիսկերի մասին: Ընդ որում՝ մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներին 709 պայմանագրերից բաժին է ընկել 96-ը (13.5%) (փաստաթղթերը հաճախ չեն հրապարակվել):

Նույնկերպ, եթե 2016-2017թթ. կայացած գնումների ամբողջ ծավալի շուրջ 49%-ն է բաժին ընկնում այդ ընթացակարգին, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1.8%... Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ շահերի բախման գործող օրենսդրական կարգավորումները նեղ են եւ լիարժեք չեն արտացոլում իրական ռիսկերը: Արդյունքում, բազմաթիվ իրավիճակներ չեն նույնականացվում որպես շահերի բախում եւ որեւէ իրավական հետեւանք չեն առաջացնում»,- ասված է հանձնաժողովի հրապարակած տեղեկանքում:  Ուսումնասիրության արդյունքներն օրերս քննարկվել են շահագրգիռ պետական մարմինների եւ մասնագիտացված ՀԿ-ների հետ: Քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո ՀՀ կառավարություն կներկայացվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ։



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**