ՀՀԿ-ից ովքե՞ր կքվեարկեն կառավարության ծրագրի օգտին

ՀՀԿ-ից ովքե՞ր կքվեարկեն կառավարության ծրագրի օգտին
ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է կառավարության ծրագիրը, գրանցվել է 94 պատգամավոր։ Ծրագրի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների թվի պարզ մեծամասնությունը՝ 50+1 տոկոս։ ՀՀԿ-ականներն արդեն չեն թաքցնում, որ դեմ են քվեարկելու ծրագրին, ու եթե ամբողջ խմբակցությամբ դեմ քվեարկեն, ծրագիրը չի ընդունի, անգամ թե կողմ քվեարկեն ՀՀԿ-ից պոկված գործարարները։



Դրա համար ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են, որ իրենք ինչպես վարչապետի ընտրության ժամանակ, այնպես էլ հիմա մի քանիի ձայն կտան Փաշինյանի ծրագրին, որ այն չտապալվի։ Մենք տեղեկացանք, որ ծրագրին կողմ քվեարկողները նորից նույն անձինք կլինեն՝ շատ չնչին շեղումով։



Օրինակ՝ այս անգամ Փաշինյանի օգտին քվեարկողներին կմիանա ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։ Վարդապետյանը ծրագրին կողմ կքվեարկեի ավելի շատ, կարելի է ասել, «ջավախքցիների խաթր», քանզի ջավախահայերն այս օրերին ոգևորված են Փաշինյանի հաղթանակով, իսկ Վարդապետյանին էլ դուր է եկել հատկապես Փաշինյանի պատմական այցը Ջավախք, որի ժամանակ ինքն էլ է այնտեղ եղել։ Մյուս կողմ քվեարկողները անցած անգամվա նման կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ բացի Ռուստամ Մախմուդյանից։ Եվ, բնականաբար, գործարար պատգամավորները։ ՀՀԿ-ի գաղափարական թևը նախկինի նման դարձյալ դեմ կքվեարկի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**