Դրամահավաք՝ մշակույթի նախարարությունում

Դրամահավաք՝ մշակույթի նախարարությունում
Այսօր **Hraparak.am**-ն ահազանգ ստացավ մշակույթի նախարարությունից, որ նախարարության աշխատակազմի կողմից դրամահավաք է իրականացվում։ Մեզ ասացին, որ աշխատակազմից նախարարության մի շարք աշխատակիցների հրահանգել են 2000-ական դրամ հավաքել, որպեսզի «հանդիսավոր կերպով ճանապարհեն» մշակույթի արդեն հեռացած փոխնախարար Արթուր Պողոսյանին։ Նախկինում, ըստ տեղեկությունը մեզ փոխանցած աղբյուրի, էլի են նմանատիպ անհասկանալի դրամահավաքներ եղել։ Օրինակ՝ նախարարի համար 4000 դրամ են հավաքել, ավելի ցածր դեմքերի համար՝ ավելի քիչ։ Ի դեպ, ասացին նաև, որ նախարար Լիլիթ Մակունցը տեղյակ չէ այս դրամահավաքից։ Թե ինչպես են նախարարի քթի տակ նման անօրինական դրամահավաք կազմակերպում, որից ինքը տեղյակ չէ, արդեն տարօրինակ է։



Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել և մեկնաբանություն ստանալ մշակույթի նախարարությունից։ Նախարարության նորանշանակ խոսնակ Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր տեղեկությունը՝ ընդամենը նշելով․ «Նախարարությունը չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**