Ջաղինյանը չարաշահումների հարցը սկզբում «ցրեց» Ջանջուղազյանի վրա, հետո էլ՝ Հ1-ի տնօրենի (տեսանյութ)

Ջաղինյանը չարաշահումների հարցը սկզբում «ցրեց» Ջանջուղազյանի վրա, հետո էլ՝ Հ1-ի տնօրենի (տեսանյութ)
ՀՌԱՀ բյուջեի կատարողական հաշվետվությունն այսօր անցավ բավականին դրամատիկ մթնոլորտում։ Երբ ՀՌԱՀ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը զեկուցեց, թե ինչքան գումար են ծախսել և ինչի վրա, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց ֆինանսների նախարարության հայտնաբերած շուրջ 2 մլրդ դրամ չարաշահումների մաիսն, որ տեղի է ունեցել Հանրային հեռուստաընկերությունում և որի մասին գրվել էր մամուլում։



Ռուբեն Ջաղինյանը հարցին անձամբ չպատասխանեց, նա որոշեց այն «գցել» ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի վրա, որ պարզաբանի՝ ինչ է եղել իրականում, Ջանջուղազյանն էլ սիրով հասավ փրկության հանրայինի ղեկավարությանը։ Նա նշեց, որ չի կարծում, թե չարաշահում բառը իրապես արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել։



Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ընթացակարգային շեղումներին։ «Եվ միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգման ենթակա գումար է եղել, և որը վերականգնվել է։ Իսկ մնացածը դրանք սահմանված ընթացակարգերին անհամապատասխանության արձանագրումներ են եղել, և դրանք, մեր ունեցած տեղեկություններով, շտկվել են»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։



Իվետա Տոնոյանին չբավարարեց պատասխանը, ու նա կրկին հարց ուղղեց, որ եթե ընթացակարգային շեղումներ են եղել, արդյոք սա չի՞ խոսում կառավարման ճգնաժամի մասին՝ նկատելով, որ ընդհանուր պետական ապարատում հայտնաբերված շուրջ 5 միլիարդ չարաշահումներից մոտ երկու միլիարդը բաժին է հասնում Հանրային հեռուստաընկերությանը։ Այստեղ էլ Ռուբեն Ջաղինյանը պատասխանատվությունը գցեց արդեն Հանրայինի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի վրա՝ նորից խուսափելով անձամբ պատասխանելուց։



Մարգարիտա Գրիգորյանն էլ հենվեց Ջանջուղազյանի պարզաբանումների վրա՝ միայն ավելացնելով, որ բյուջեում ընդամենը տողերի փոփոխություն է եղել։ Վերջում վստահեցրեց, որ որևէ մեկը որևէ գումար չի հափշտակել։ Ջանջուղազյանն ու Գրիգորյանն այնպես լղոզեցին հարցը, որ այդպես էլ չհասկացվեց՝ այդ դեպքում ի՞նչ երկու միլիարդի խնդիր է բացահայտել ֆիննախը։



ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ իր խոսքում Ատոմ Ջանջուղազյանին մեղադրեց Հանրայինի փաստաբանը լինելու և նրա շահերը պաշտպանելու մեջ։ Նա նաև Հանրայինի ղեկավարությանը կոչ արեց դիմել դատարան՝ ընդդեմ այն լրատվամիջոցի, որը գրել է իրենց չարաշահումների մասին․ «Ես ուզում եմ երկու բան ասել՝ խոսքը գնում է Հանրային հեռուստատեսության մասին, եթե մամուլում կա նման հրապարակում և Դուք՝ Տիկին Մարգարիտա, պարոն Ջանջուղազյանը, մյուսները, դրան պատասխանելու բան ունեք, դիմեք դատարան, կա հեղինակություն վայելող լրատվամիջոց, որը երկու հրապարակումով է հանդես եկել, վերականգնեք հանրությանը մոտ այն համբավը որը կար։ Երկրորդ Մանրամանս՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**