ՀՀԿ- ի փլուզման մասին ավելի լուրջ

ՀՀԿ- ի փլուզման մասին ավելի լուրջ
Գործադիր իշխանությունը փոխվեց․ նոր կառավարություն, նոր անդամներ։ Հաղթանակ, պաշտոններ, ոգևորություն։ Կարծես անտեսվեց, որ գործադիրն առանց օրենսդիրի մի թևանի թռչուն է, որը անգամ սուպերվարչապետության պայմաններում գոյատևում է, բայց թռչել չի կարող։



Գնալով խորանալու է անդունդը․ այն  փուլում, երբ ժողովուրդը ոտքի էր կանգնել, պիտի առաջ քաշվեր ազգային ժողովի նոր ընտրությունների հարցը։ Պիտի առաջ քաշվեր ընտրական օրենսգրքի փոփոխությունների և էլի  հազար ու մի կարևոր հարցեր։ Բայց ո՜չ, այլ ճանապարհով գնացինք։ Ժողովրդի ողջ էներգիան ուղղորդվեց վարչապետի աթոռն ունենալու վրա։



Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Նոր վարչապետ, նոր կառավարություն։ Նոր կառավարության կողքին իրենց հաղթանակը տոնող մարդիկ են, ովքեր երկար ժամանակ են սպասել դրան ու մի տեսակ «հարբել են  հաղթանակով»։ Սա վտանգավոր է այն առումով, որ սթափության, իրականության դաշտից հեռանում են ու մտնում  զգայական դաշտ։ Ամեն ինչ լավ է, մենք հաղթել ենք,  պաշտոններ ենք բաժանում մեզ աջակցողներին, ընկեր- տղերքին․․․



Ոգևորությունը հարբածության պես մի բան է․ շատ բան կարող են չնկատել, անտեսել, նկատելու դեպքում էլ չզգալ վտանգը։ Հենց դա է պատճառը, որ ամենօրյա օրակարգում նույն թեման  է՝ ՀՀԿ-ն փլուզվում է՝ այսինչը լքեց կուսակցությունը, այլևս մեծամասնություն չի լինի․․․ Ամենուր միայն ուռռաներ են․․․



Չի ներկայացվում փլուզմանն ալտերնատիվ այլ բան։ Միգուցե՞ դա ՀՀԿ-ի շախմատային քա՞յլն է։ Ստեղծել մինի կուսակցություններ՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ շարունակելու։ ՀՀԿ-ի գաղափարական մասը մնում է, մյուս մասերը առանձնանում և նոր միավորներ են կազմում։ Նոր կառավարության թիրախը մեծամասնության վրա է, կարող են պատճառաբանել՝ ՀՀԿ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործադիրի աշխատանքի համար։  Այդ հարցը լուծվում է նման մի քայլով․ մեծամասնություն չի լինի։



Նոր կառավարությունը մոռացե՞լ է, թե ինչ ձևով հաղթեց։ Ընդվզող մարդկանց փոքր խմբերի բաժանեց, որպեսզի խաղի պես մի բան թվա ու իշխանությունը շատ չկենտրոնանա դրա վրա։ Նույնը անում է հիմա ՀՀԿ-ն։ Ամբողջական ՀՀԿ-ն կբաժանի մասերի, նոր կուսակցություններ կստեղծի՝ տարբեր թևերով ու․․․ իրե՞նն են չէ՞․․․ Մեծամասնության խնդիր չի լինի․․․ Մարդիկ ոգևորված դա կընդունեն որպես պարտություն, նահանջ, ինչպես և անում են։



Ազգային ժողովի մեծամասնությունը ներկայացնող ՀՀԿ-ն գործում է սառը տրամաբանության դաշտում։ Պարտությունը՝ ի տարբերություն հաղթանակի, ավելի իմաստուն խորհուրդներ է տալիս։ Գործողությունները հատու են, կասեի՝  կշռադատված։ Հայտարարությունները դուրս են զգայական դաշտից։ Սա փաստ է, որ ուզենք, չուզենք, պիտի ընդունենք։



Բախումը, ինչքան էլ փորձենք «մատների արանքով նայել»․ թավշյա չի  լինելու։ Եվ ինչպես պատերազմի ժամանակ  նախահարձակ կողմը միշտ պարտվում է, այստեղ էլ նույնն է։ ՀՀԿ-ն կարծես դա զգացել է ու նախահարձակ քայլերը թողնում է նոր կառավարությանը՝ ազգային անվտանգության ծառայության հրետակոծությամբ։



Օրենդիր իշխանությունը նահանջում է  գիտակցաբար։ Պատերազմը դու հայտարարիր։  Ինքը դասավորվում է։ Այդպես անում են մեծ պայքարից առաջ։ Գործադիրի պատճառաբանությունը, որը հետագայում կլինի՝ մեծամասնությունը չի թողնում աշխատենք, կարող է վերանալ։ ՀՀԿ- ն, գործող քայլերից ենթադրելով, մեծամասնություն չի լինի։ Այդ ժամանակ ի՞նչ պիտի ասի նոր կառավարությունը։ Ինքը պիտի պատրաստ լինի տարբեր ուղղություններից հրթիռակոծմանը։ Պատերազմի ժամանակ էլ նույնն է՝ մի ուղղությունից հրթիռակոծումը հեշտ է լռեցնել, բայց երբ տարբեր ուղղություններ են լինում․․․



Հասմիկ Բաբաջանյան