Թող ներող լինի Առաջին նախագահը, ուրիշ ոչ մեկին այդ հարցը չէի տա․․․

Թող ներող լինի Առաջին նախագահը, ուրիշ ոչ մեկին այդ հարցը չէի տա․․․
Ազգային զարթոնքի, համաժողովրդական շարժման ժամանակ ես ևս մասնակցում էի ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հանրահավաքներին։ Շատ բաներ կային հիշելու, սովորելու, որ այդպես էլ չսովորեցինք, դաս չառանք, բայց մի բան կար, որ «այբուբենի պես անգիր արեցինք», մտավ մեր արյան մեջ։ Դա Արցախի հարցն էր։ Առաջին նախագահը Հայաստանում ընթացող բազմահազարանոց ցույցերի ժամանակ մշտապես անհանգստանում էր, թե այն ինչպես կանդրադառնա Արցախի վրա։ Երբ այնտեղ լարվում էր իրավիճակը, հանրահավաքային ժամկետները երկարաձգում էր։ Անընդհատ այս միտքն էր՝ Արցախում, եթե «անհանգստություն լինի»․․․ առաջնայինը Արցախն է։ Ափսոս, բառացի չեմ հիշում, բայց այդ հարցում մենք հասունացանք չափից ավելի։



Այսօր կարդում եմ Առաջին նախագահի խոսքը․



«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»։



Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Արցախում վտանգավոր է բողոքի զանգվածային գործողությունները, բայց չգիտեմ ինչու հիշեցի, որ Առաջին նախագահը համաժողովրդական շարժման ժամանակ Հայաստանում էլ դա վտանգավոր էր համարում։



Ուզում եմ հարցնել՝



հիմա չկա՞ այդ վտանգը։ Այդ առճակատումները, փաստացի երկիշխանությունն ու շարունակվող հակամարտությունը չե՞ն ազդում Արցախի վրա։



Թող ներող լինի Առաջին նախագահը, ուրիշ ոչ մեկին այդ հարցը չէի տա․․․



Արցախի ժողովրդին մի քիչ ճանաչում եմ, երբ Առաջին նախագահի նշած մարդիկ գնան Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար (Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արկադի Ղուկասյան և Սամվել Բաբայան՝ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով), նրանք չե՞ն ասի՝ քյացեք ծեր կործին։



Լևոն Տեր Պետրոյանը նշում է․



«Հիշեցման կարգով նշեմ, որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ես և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով փութալով Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծեցինք իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը: Հուսանք, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի»։



Այսօրվա Հայաստանի վիճակը նու՞յնն է, ինչ 1993 թվականին։ Ձեզ լսում էին, որովհետև դուք ամուր էիք, միասնական․․․



Հասմիկ Բաբաջանյան