Գուցե փոքրիկ, բայց կարևոր մի բան․․․

Գուցե փոքրիկ, բայց կարևոր մի բան․․․
Փոքրիկ իրադարձությունների մեջ կարելի է կարևորը գտնել, եթե, իհարկե, սուբյեկտիվ տրամադրվածություն չունես որևէ կողմի նկատմամբ։



Երեկ մամուլում շրջանառվում էր, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագա­հի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավա­րության ղեկավարների նիստին: Վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելը բյուջեի վրա 20 միլիոն դրամ է նստում։



Բնական է, այս թոհուբոհի, շռայլումների, վատնումների ֆոնին նման քայլը կառաջացնի բումերանգային տրամադրվածություն՝ էդ ձեզ կարելի՞ է, նախորդին չէր կարելի՞։ Նախորդ կառավարությունից արձանագրում եք բազմաթիվ շռայլումներ, բյուջեն սեփական կաթսայի նման օգտագործելու փաստեր, իսկ դուք գնում  նույն ճանապարհով։ Ո՞րն է ձեր տարբերությունը։ Մոտավորապես այսպիսի տրամադրություն էր։ Չհաշված ֆանատների, ինչպես միշտ, լավագույն դեպքում, հերթապահ նախադասությունները՝  լավ են  արել, աչքներդ էլ հանել են, էդ ձեզ պիտի՞ հարցնեին։



Ինչևէ, Արարատ Միրզոյանը Դուշանբեից եկավ և իր ֆեյսբուքյան էջում անմիջապես արձագանքեց ու բացատրեց, թե ինչու են այդ ինքնաթիռով մեկնել։ Կարող էր չէ՞ դա չանել։  Ինչքանով կարողացավ համոզել, ինչպես փոխվարչապետն է ասում «մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից» կասկածի տակ  դրվող փաստի  նպատակահարմարությունը, դա մի կողմ թողնենք։



Ասելիքս այլ է։ Առաջ, երբ նման բաներ նախորդ կառավարությունն էր անում, լրագրողներն անդրադառնում էին, կառավարությունը բանի տեղ չէր դնում՝ շունը հաչա, քամին տանի։ Լրագրողի, քաղաքացու դերը նսեմանում էր՝ խոսում  կամ գրում ենք որ ի՞նչ,- մտահոգվում և մեզ նվաստացած էինք զգում։ Ոչ ասում էին՝ լավ ենք արել, որ ծախսել ենք, ոչ էլ բացատրում, թե ինչու են արել։ Գուցե ծախսեր կային, որ տեղին էին, ու մենք չէինք հասկանում, գոնե ձայն հանեին։ Համակերպվեցինք «ձայն բարբառո անապատի» վիճակին։



Այսօր փոխվարչապետն անմիջապես արձագանքում է։ Վերջում էլ գրում՝ ձեր խոնարհ ծառա։ Ինչու՞․ որովհետև նա լա՞վն է, թե որովհետև մենք մեր տեղում ենք։



Մարդուն, հանրությանը մոտենալու ձևը փոխվել է, ՀՀ քաղաքացուն «մարդատեղ են դնում»,  որովհետև ժողովուրդը ցույց է տվել իր ուժը, ասել, որ իշխանությունը իմն է, դուք պարտավոր եք ծառայել։



Եվ Արարատը բացատրում, հաշվետվություն է տալիս ժողովրդին, թե ինչու էր  այդ ինքնաթիռով մեկնել։  Պաշտոնյան պատճառաբանում է, որովհետև տեսնում է, որ իրեն աչքեր են հետևում, հաջորդ անգամ հիմք չի տա նման պատճառաբանություն անելու։



Արարատ Միրզոյանի  էջում օգտատերերից մեկը գրում է․



[Gurgen Ajemiyanc](https://www.facebook.com/gurgen.ajemiyanc.5?fref=ufi&rc=p)



Եղբայր կուզես քայլելով գնա, միայն մտքովդ չանցնի երկրին ոչ ձեռնտու քայլ անես... թե չէ ժողովրդիս արդեն սովորացրել եք ինչ պետք է անել ;)))



Սա է պայքարող, իշխանությանը  սթափ պահող քաղաքացու կերպարը։ Նա միշտ զգոն է։ Ժողովուրդը իր սթափությունը չպիտի կորցնի, որովհետև ուժը իր ձեռքում է։



Որ պահի թուլանա, նույնն է լինելու։



Հասմիկ Բաբաջանյան