ՀՀ նախագահի հիմնադրամն Էջմիածնում կենտրոն է կառուցելու

ՀՀ նախագահի հիմնադրամն Էջմիածնում կենտրոն է կառուցելու
Մենք շարունակում ենք ուսումնասիրել ՀՀ-ում գործող տարատեսակ հիմնադրամների տարեկան հաշվետվությունները, որոնց միջոցով, ինչպես արդեն հայտնել ենք, տարեկան միլիարդավոր դրամների շարժ է իրականացվում: Հիմնադրամներից մեկն էլ ՀՀ նախագահ **Արմեն Սարգսյանի** հիմնադրած՝ 2009-ից գործող **«Երեւան, իմ սեր»** բարեգործական հիմնադրամն է, որին նախորդիվ առավել հանգամանորեն անդրադառնալու առիթ ունեցել ենք:



Ուսումնասիրելով Երեւանի պատմական շենք-շինությունների վերակառուցման, հանրային կենտրոններ կառուցելու առաքելություն ստանձնած այս հիմնադրամի 2017 թ. տարեկան հաշվետվությունը, արձանագրեցինք, որ հիմնադրամը նախորդ տարի մեկ ծրագիր է իրականացրել՝ «Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Սարգիս եկեղեցիներին կից քաղաքային սոցիալ-հոգեւոր ենթակառուցվածքների զարգացում»: Այս ծրագրի վրա ծախսված գումարը կազմել է 216, 819․788 դրամ: Որպես ֆինանսավորման աղբյուր՝ նշված է ավանդի ներդրումից ստացած տոկոսային եկամուտը՝ 86․887․210 դրամ: Իսկ, ահա, նվիրատվությունների եւ նվիրաբերությունների մասին որեւէ նշում չկա հաշվետվության մեջ:



Որպես հաշվետու տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափ՝ նշված է 300․153․261 դրամ: Կանոնադրական նպատակների վրա ծախսված գումարը կազմել է 216․ 819․788 դրամ: Հաշվետվությանը կից ներկայացված ծանոթագրություններից մասնավորապես տեղեկանում ենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում սկսվել են երկրորդ հանրային կենտրոնի ճարտարապետական, տեխնիկական նախագծման աշխատանքները: 2018-ին հիմնադրամը մտադիր է սկսել եւ 2019-ին ավարտել շինարարական աշխատանքները: Հիմնադրամն սկսել ու ավարտել է ճարտարապետական եւ դիզայնի աշխատանքները նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի այգում, սակայն բարեկարգման աշխատանքները, ըստ ծանոթագրության, դեռեւս չեն սկսվել:



Նշենք, որ հիմնադրամը պարտավորվել է կառուցել երեք կենտրոն․ երկուսը՝ Երեւանում, մեկը՝ Էջմիածնում: Հիմնադրամի այս ներդրումային ծրագրերի իրականացման պարտավորությունը համապատասխան պետական մարմինների կողմից վերանայվել է շահույթ չհետապնդող գործունեության եւ արտոնությունների շնորհման նպատակով: Մասնավորապես, Մայր Աթոռի տարածքում կառուցվելիք կենտրոնի աշխատանքները կմեկնարկեն 2019-2020 թթ: Հիմնադրամի 2017 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ իրականացված կապիտալ ծրագրերի գումարը կազմել է 744․690 հազար դրամ, այդ օրվա դրությամբ մնացած պատավորությունները կազմել են 1․ 073․310 հազար դրամ:



«Երեւան, իմ սեր»-ը, նկատենք, վերահսկվում է 14 հոգաբարձուների կողմից, ովքեր հանդիպում են տարեկան չորս անգամ: Հոգաբարձուները հիմնադրամից վարձատրություն չեն ստանում, սակայն փոխհատուցվում են հիմնադրամի նպատակներով ուղեւորությունների համար: Տարվա ընթացքում հիմնադրամի ղեկավարության ստացած վարձատրությունը կազմել է 19․345 հազար դրամ:



Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ՀՀ ժամանած բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն այցելեց հիմնադրամ եւ հանդիպեց հիմնադրամի աջակցությամբ բուժվող երեխաներին։ Աշխարհահռչակ երգչի այցը ՀՀ ամերիկյան Starkey Hearing Technologies ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի շրջանակում էր: Ընկերությունը ճամփորդում է աշխարհով մեկ եւ օգնում լսողական խնդիրներ ունեցող մարդկանց:



 



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**