Եռանդ ու ցանկություն

Եռանդ ու ցանկություն
Նոր կառավարություն՝ նոր հույսեր, նոր սպասումներ։ Հասարակությունը, որն իշխանություն է փոխել եւ զգացել իր ուժն ու զորությունը, թեեւ անմիջականորեն չի մասնակցում նոր կառավարություն ձեւավորելու գործընթացին, բայց հոգով-սրտով մասնակից է դրան։



Մի կողմից հավատում ու վստահում է իր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի «ճաշակին», գիտի, որ նա իր ցանկությունների ու կամքի իրականացնողն է։ Մյուս կողմից՝ այնքան է հոգնել իր չարքաշ կյանքից եւ զզվել նախկին իշխանություններից, որ ուրախանում է երիտասարդ ու չապականված կադրերին կառավարությունում տեսնելով։



Այս օրերին շատերն են ասում՝ ոչինչ, թող մի քիչ անփորձ լինեն, բայց նաեւ չկոռումպացված ու աշխատելու մեծ ձգտումով։ Մարդկանց թվում է, որ աշխատելու, ինչ-որ բան փոխելու անհագ ձգտումն է հաջողության գրավականը։ Եվ անփորձությունն ու գիտելիքների պակասը կարող են կոմպենսացվել երիտասարդական ավյունով եւ երկիրը փոխելու մեծ ցանկությամբ։ Գուցե։ Հուսանք։



Բայց պետական կառավարումը նաեւ որոշակի գիտելիքներ ու հմտություններ է պահանջում։ Դա նույնպես մասնագիտություն է, եւ մարդիկ այդ մասնագիտացմանը հասնում են տարիների ուսման ու աշխատանքի արդյունքում։ Այնպես որ՝ միանգամայն իրավացի են նաեւ նրանք, ովքեր այս օրերին պնդում են՝ համբերեք, մի շտապեք, «Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել»։



Իսկ առավել իրատեսներն ու փորձառուները հավելում են՝ մոտ մեկ տարի ժամանակ է պետք երիտասարդ նախարարներին՝ իրենց ոլորտի խնդիրներին ծանոթանալու, համակարգի նրբություններն ուսումնասիրելու, մարդկանց կառավարելու ունակություններ ձեռք բերելու համար։ Բայց նաեւ հարց է ծագում՝ մենք ունե՞նք այդքան ժամանակ, որ տրամադրենք ուսումնառության համար։



Հեղափոխական մասսաները, որպես կանոն, անհամբեր են լինում։