Ով ինչպես պահեց իրեն հայտնի սփյուռքահայերից. BBC

Ով ինչպես պահեց իրեն հայտնի սփյուռքահայերից. BBC
BBC-ն բավական ուշագրավ ծաղկաքաղ է կազմել, ներկայացնելով, թե Սփյուռքի մեր աշխարհահռչակ հայրենակիցներից  ով ինչպես պահեց իրեն: Պարբերականի ռուսական ծառայությունը գրում է, որ հայկական Սփյուռքը կազմում է մի քանի միլիոն մարդ, եւ մի շարք երեւելի անձինք Սփյուռքից արտահայտվել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին, որոնց արդյունքում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը եւ Սերժ Սարգսյանը, ով երկար տարիներ իշխանության ղեկին էր, հեռացավ իշխանությունից: Այսպես, Արեւմուտքում ապրող նշանավոր հայերը կամ աջակցում էին ցուցարարներին, կամ կոչ անում խուսափել բռնություններից: Ամենից հայտնի աջակիցներից էր **System Of A Down** խմբի ղեկավար Սերժ Թանկյանը, իսկ բռնություններից խուսափելու կոչ էր անում Շառլ Ազնավուրը: Ռուսաստանաբնակ երեւելի հայերի տեսակետները երկու հստակ մասի էին բաժանվում: Մի մասը կողմնակից էր իշխանություններին, մյուսը՝ ցուցարարներին եւ ժողովրդին: Համապատասխանաբար՝ մի մասը քննադատում կամ դատապարտում էր նույնիսկ՝ ցուցարարներին, մյուսը՝ իշխող հանրապետականներին:



**Սերժ Թանկյանի** համար այն ինչ տեղի էր ունենում Հայաստանում, իսկական դեմոկրատիայի հաստատում էր: Ի սկզբանե նա մեկնաբանում էր համաժողովրդական ընդվզման շարժումը եւ քաջալերում մասնակիցներին, եւ նույնսիկ այն բանից հետո, երբ մայիսի մեկին հանրապետականները պառլամենտի հատուկ նիստում չքվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, նա չդադարեց իր քաջալերանքն ու դրվատանքը հայտնել ցուցարարներին եւ շարժման կողմնակիցներին ու աջակիցներին: Նույնպիսի վերաբերմունք դրսեւորեցին նաեւ նրանց գաղափարակիցներ **Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը** եւ այլոք, ովքեր նույնիսկ համատեղ հայտարարությամբ հանդես եկան:



**Շառլ Ազնավուրի** համար կարեւոր էր, որ տեղի ունենար երկխոսություն ու բռնությունից ամեն գնով կողմերը խուսափեին: Աշխարհահռչակ հայկական արմատներով ֆրանսիացի շանսոնիեն Հայ ժողովրդի մեծագույն մեկենասներից է նաեւ, ով օգնել է Հայաստանին հետսովետական բոլոր տարիներին եւ պահպանել կապն իր պատմական հայրենիքի հետ: Ապրիլի քսանմեկին Ազնավուրը հանդես եկավ հայտարարությամբ, կոչ անելով երկխոսության: Նա նաեւ ասաց իր հայտարարության մեջ, որ թեեւ հեռու է Հայաստանից, սակայն իր սիրտն ու հոգին Հայաստանի հետ է: 94-ամյա երգիչն իրապես անհանգստացած էր եւ խորապես մտահոգված:



Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ** Քիմ Քարդաշյանը** Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը՝ ապրիլի քսանչորսին հանդես եկավ թվիթերյան գրառմամբ, որտեղ հայտարարեց, որ չափազանց ներշնչող է տեսնել, թե ինչպես աշխարհի բոլոր հայերը միավորվեցին եւ հասան փոփոխությունների:Այս գրառմանը կից նա հրապարակեց մի լուսանկար հայաստանյան իր այցելությունից, որտեղ նա այսպես կոչված ՀՀԿ տատիկի հետ էր: Հայաստանյան քաղաքական զարգացումների մասին Քարդաշյանը այլեւս չխոսեց, սակայն չմոռացավ անդրադառնալ Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցի հիշատակի օրվա խորհրդին:



Ազգությամբ  կամ ծագմամբ հայ նշանավոր մարզիկները Հայաստանի թավշյա հեղափոխությունից կարելի է ասել մնացին հեռու եւ չխառնվեցին որեւէ քաղաքական հարցի: Այսպես, Հայաստանի թավշե հեղափոխությանն անհաղորդ մնացին ֆուտբոլիստներ **Յուրի Ջորկաեֆն** ու **Ալեն Բոգոսյանը**, ինչպես նաեւ արգենտինացի թենիսիստ **Դավիդ Նալբանդյանը**: Սակայն Ջորկաեֆն ու Նալբանդյանը ապրիլքսանչորսյան ավանդական թվիթների փոխանակում կատարեցին, օրվա խորհրդին համահունչ: Աշխարհահռչակ **Շերը** նույնպես Ցեղասպանության մասին խոսեց, սակայն ընթացիկ քաղաքական զարգացումների մասին՝ ոչ: **Հենրիխ Մխիթարյանը** ապրիլի քսաներեքին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ հպարտ է, որ հայ է եւ կոչ արեց բոլոր տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ արդեն հաջորդ օրը կոչ արեց աշխարհի բոլոր երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ի դեպ, Մխիթարյանը այնքան էլ Սփյուռքի ներկայացուցիչ չէ, քանի որ հայաստանցի է ով խաղում է արտասահմանում:



Կրեմլյան քարոզչամեքենայի մասն հանդիսացող քաղաքագետ **Անդրանիկ Միհրանյանը **սուր քննադատության ենթարկեց ցուցարարներին, հրապարակելով բավական սուր արտահայտություններով հագեցած տեսանյութ: Հրատարակիչ **Արամ Գաբրիելյանովն **էլ իր ֆեյսբուքյան էջում շաբաթներ շարունակ առիթը բան չի թողնում Նիկոլ Փաշինյանին թիրախավորելու համար: Ինքնին հասկանալի է, որ այս երկյակի համար կարեւորը հայ-ռուսական հարաբերություններն են ավելի շատ, քան Հայաստանի ապագան:



Ի տարբերություն պուտինյան վարչակարգի այս երկու կարկառուն ներկայացուցիչների, երաժիշտ պրոդյուսեր **Ստաս Նամինը** կողմ է արտահայտվել ժողովրդին, ուրախանալով, որ վերջապես Սարգսյանի վարչակազմը հեռանում է: Նույնպես երաժիշտ **Արմեն Գրիգորյանը** եւս ուրախացել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ եւ կտրուկ հայտարարությամբ դեմ է արտահայտվել դիկտատորների հանցախմբին, ասելով, որ պարզապես լցվել էր ժողովրդի համբերության բաժակը: