Վազգեն Սաֆարյանը հեռացող վարչապետին մի շարք առաջարկություններ է արել

Վազգեն Սաֆարյանը հեռացող վարչապետին մի շարք առաջարկություններ է արել
Մեր տեղեկություններով՝ օրերս Հանրային խորհրդի անդամ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հանդիպել է վարչապետի պաշտոնակատար, ապագա փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, այո, հանդիպում եղել է, ու հանդիպման նպատակն էլ եղել է մի շարք հարցերի բարձրացումը Կարեն Կարապետյանի մոտ, որ հասկանան, թե դրանցից որին ինչ լուծում կարող են տալ։



Սաֆարյանը վարչապետի պաշտոնակատարի հետ խոսել է Աջափնյակի թունելի կառուցման անհրաժեշտության, Ջաջուռի թունելը նորոգելու, այն առավել անվտանգ դարձնելու մասին, քանի որ 100 տարուց ավելի է՝ կառուցվել է, եւ կարիք կա թունելի անվտանգ շահագործման համար միջոցառումներ իրականացնել։ Հաջորդը եղել է Դիլիջան-Իջեւան երկաթգծի վերագործարկման հարցը։ «Դիլիջան-Իջեւան երկաթգծի Հաղարծին կայարանի հատվածում 800 մետր տարածքը փլուզվել է, եւ երկաթգիծը չի գործում։ Խորհրդային Միության տարիներին այս երկաթգծի վրա ծախսվել է 240 մլն ռուբլուց ավելի գումար, եւ ափսոս է, որ այդ երկաթգիծը չի գործածվում։ Հաջորդ հարցը՝ խոսել ենք Մեղրաձորի թունելի անցունակության բարձրացման մասին, ռելսերը պետք է կարգաբերվեն, որ գնացքներն ավելի արագ կարողանան երթեւեկել այդ թունելով։ 8 կմ 300 մետր թունել է, ու հիմա շատ դանդաղ են գնում»,- ասաց պարոն Սաֆարյանը։



Նրա խոսքով՝ սա կարեւոր է նրանով, որ Դիլիջանում գործում է Ռուբեն Վարդանյանի հիմնած միջազգային դպրոցը, եւ Վարդանյանը ցանկանում է, որ Երեւանից Դիլիջան էլեկտրագնացք աշխատի, եւ այդ թունելի անցունակությունը մեծացնելը կապված է նաեւ այդ գնացքի գործարկման հետ։ Հաջորդ հարցը, որ քննարկել են Սաֆարյանն ու Կարապետյանը, եղել է «Նաիրիտ» գործարանում որոշակի արտադրամասերի վերագործարկման մասին։ Խոսքը կաուստիկ սոդայի եւ մրջնաթթվի արտադրության սկսման մասին է։ Դրանից հետո նոր, ըստ Սաֆարյանի, կկարողանան անցնել նաեւ քլորոպրենային կաուչուկի արտադրությանն ու գործարանի ամբողջական վերագործարկմանը։



Թե ինչպես է արձագանքել Կարեն Կարապետյանը, Վազգեն Սաֆարյանն ասաց․ «Նախ նա բոլոր հարցերը շատ ուշադիր լսեց եւ ասաց, որ ներկայացվեն այդ հարցերի վերաբերյալ նախագծեր, հիմնավորումներ եւ բիզնես-ծրագրեր։ Նաեւ ասաց՝ արդյունաբերական գործարանների հնարավոր վերագործարկումը դիտել պետություն-մասնավոր գործընկերության ծիրում»։



Նկատեցինք, որ Կարեն Կարապետյանն ապրիլի 17-ից հետո այլեւս չի լինի վարչապետ, ինչպե՞ս են պատրաստվում իրենց այս ծրագրերն իրականացնել ապագա վարչապետի հետ։ Սաֆարյանն ասաց, որ իրենք հետամուտ են լինելու այդ խնդիրների լուծմանը՝ անկախ վարչապետի փոփոխությունից։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**