«Կենդանի գրադարան»՝ կենդանի մարդկանցով

«Կենդանի գրադարան»՝ կենդանի մարդկանցով
«Կենդանի գրադարան»․ այսպես է կոչվում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կազմակերպած նախագիծը, որն աշխարհում լայն տարածում գտած նորարարական «Գիրք-ընթերցող» հարթակ է իրենից ներկայացնում։ «Կենդանի գրադարանում» գրքերը մարդիկ են, ովքեր իրենց պատմություններն են պատմում ընթերցողներին։ Միջոցառման մասնակից հյուրերը՝ «գրքերը», 8-ն են, որոնց նկատմամբ Հայաստանում կան կարծրատիպեր եւ նախապաշարմունքներ։ Նրանց մեջ կան ե՛ւ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, ե՛ւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ։



ՀԿ-ի հանրային կապերի եւ հաղորդակցության պատասխանատու **Հենրիկ Սահակյանը** մեզ հետ զրույցում նշեց, որ այս հարթակի միջոցով ազգային եւ սեռական փոքրամասնությունները ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, թե ինչպիսի փորձառություն են ունեցել հասարակությունում հաստատվելու եւ ադապտացվելու հետ կապված․ «Սա նաեւ գիրք-ընթերցող հարթակ է, որտեղ մարդիկ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները։ Մեր «գրքերը» ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ՝ արտասահմանից։ Ունենք աղջիկ, որ եկել է Նիդերլանդներից ու հիմա մասնակցում է մեր ծրագրերից մեկին։ Ինքը ներակայացնելու է, թե ինչ կրթություն է ստացել Նիդերլանդներում եւ ինչու չի կարողացել ստանալ պատշաճ կրթություն մի երկրում, որը բավականին զարգացած երկիր է։ Պատմությունները բավականին տարբեր են, ունենք նաեւ միգրանտներ տարբեր երկրներից, ովքեր Սիրիայի պատերազմի ժամանակ եկել են այստեղ եւ ուզում են պատմել, թե ինչպես են հաստատվել Հայաստանում»։