Ժողովրդավարությունը սկսվում է ժամը 15 դոլար աշխատավարձից

Ժողովրդավարությունը սկսվում է ժամը 15 դոլար աշխատավարձից
Ասում են՝ Հենրի Ֆորդը ժամանակին հայտարարել է, որ ժողովրդավարությունը սկսվում է ժամը 15 դոլար (այն էլ այն ժամանակվա կուրսով, որը թերևս անհավանական թիվ է) աշխատավարձից: Սրանք ոսկի խոսքեր են, որովհետև կյանքի որակը ուղղակիորեն կախված է մարդու իրավունքներից, եթե այդ իրավունքները պաշտպանված են, ապա մարդիկ բարեկեցիկ են ապրում, որովհետև փող են ունենում, իսկ փողը հենց իրավունքի էկվիվալենտն է:



Եթե փող չունես (նաև հնարավորություն չունես փող աշխատելու), ուրեմն իրավազուրկ ես, ինչքան էլ որ հեքիաթներ պատմեն այն մասին, որ դու ազատ մարդ ես ու քաղաքացի: Բարեկեցությունն ու ազատությունը մեկը մյուսով պայմանավորված երևույթներ են: Ազատ մարդը այն մարդն է, որի փոխարեն ուրիշները որոշումներ չեն կայացնում, այսինքն, որպես դրա հետևանք, նրան չեն շահագործում, նրա հեղինակային իրավունքը չեն ոտնահարում, ազատ մարդու սեփականությունն ու բիզնեսը անձեռնմխելի են, ազատ մարդը իր երկրի տերն է, ու իր այդ իրավունքը իրացնում է ազատ ու արդար ընտրությունների օգնությամբ, և պետության հետ խոսում է իր ներկայացուցիչների միջոցով, որոնց տալով իր քվեն` լիազորում է այդ բանը անել իր փոխարեն: Եվ այս ամենը կոչվում է ժողովրդավարություն, որի մասին ժամանակին խոսել է Ֆորդը ու շատ դիպուկ կերպով նկատել է, որ աղքատ մարդկանցով ժողովրդավարություն չես կառուցի, քանի որ աղքատությունն ու անազատությունը փոխպայմանավորված երևույթներ են, իսկ ժողովրդավարությունը` ազատություն է ու բարեկեցություն:



Մեր երկրում այդ ամենը չկա, մեր երկրում մեր քվեները, այսպես կոչված, ընտրությունների ժամանակ միշտ կեղծվել են, մենք լրիվ իրավունք ունենք ՀՀ Ազգային ժողով կոչվածը հայտարարել օրենքից դուրս, ու նրանց ընդունած օրենքները՝ անվավեր (գոնե առայժմ դա մեր ուղեղներում կարողանանք անել): Մեր երկիրը բռնազավթված է, իսկ մենք ոչ թե ազատ քաղաքացիներ ենք, այլ անազատ հպատակներ ենք, եթե այսքանը հասկանանք, ամեն ինչ իր տեղը կընկնի, որովհետև երբ անգամ վերջին ապուշը հասկանում է, որ ինքը ճաղերի հետևում է հայտնվել, գոնե ենթագիտակցորեն կսկսի այդ ճաղերից դուրս գալու մասին մտածել:



Քանի դեռ մենք չենք վերադարձրել մեզ վերաբերվող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր սուրբ իրավունքը, մենք բանտված ենք: Կան մարդիկ, որոնք սերնդեսերունդ բանտից բացի ոչինչ չեն տեսել, նրանց նախնիները բանտում են ապրել, նրաք նույնպես բանտում են ծնվել ու մեծացել, նրանք սիրում են բանտը, բայց ինչու՞ պիտի այդ մարդկանց պատճառով մենք` ազատ մարդիկս, նույնպես հավերժ բանտարկյալ մնանք: Մենք ուզում ենք ապրել ազատ ու բարեկեցիկ կյանքով, ժողովրդավար երկրում, մենք պիտի հասկանանք, որ այնտեղ չենք գտնվում, որտեղ որ հարկավոր է, մենք պիտի դառնանք քաղաքակիրթ աշխարհի (արևմուտք) մի մասնիկը: