Թանկանոց մեքենաների ֆոնին տկլոր աղջիկներն իրենց հետույքներն են շարժում

Թանկանոց մեքենաների ֆոնին տկլոր աղջիկներն իրենց հետույքներն են շարժում
Վերջերս հեռուստատեսությամբ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը ինչ-որ նախագծերի մասին էր խոսում, համաձայն որի Երևանի բոլոր հրապարակները պիտի վերաձևեն: Օրինակ՝ խոսում էր Օպերային կից Ֆրանսիայի հրապարակի մասին, բացատրում էր, որ այն պիտի դադարի խաչմերուկի ֆունկցիա կատարելուց, որ այդ խաչմերուկը ամբողջովին պիտի իջնի գետնի տակ, իսկ հրապարակը միանա այդ տարածքի մյուս այգիներին: Այստեղ են ասել` լրիվ պարերը պարեցին, մնացել էր Զրթ-Մարալոն ...



-Ախր, այ անմեղսունակներ, եթե այդքան ֆինանսներ ունեք, ուրեմն ոչ թէ Երևանի նորմալ վիճակում գտնվող գոտիներն ու կառույցները քանդեք ու վերաձևեք ձեր գավառական ճաշակին, կամ ավելի ճիշտ, անճաշակությանը համապատասխան, այլ այդ ֆինանսները ուղղեք Երևանի գոնե կենտրոնում գտնվող (ծայրամասերի մասին չեմ էլ խոսում) անհամար կիսակառույց ավերակները կառուցելու և ավարտելու համար, ախր չի կարելի մի գեղեցիկ կառույց ստեղծել և ուրախանալ դրանով, երբ այդ կառույցը շրջապատված է փնթի ավերակներով. նախ Կասկադի վերևի մասը ավարտին հասցրեք, Սասունցի Դավթի արձանի մոտի կիսակառույցը ավարտեք, նրա հարևանությամբ գտնվող Երկաթգծի Կայարանի շենքի գլխին ցցած ստալինյան Էմպիրի ծաղրանկար Շպիլը հանեք ռադ արեք վերջապես, նախկին Երիտասարդական Պալատի տեղում գոյացած անհասկանալի տարածքը կառուցապատեք, Գլենդել Հիլզի կիսակառույց բազմաբնակարան շենքերը ավարտին հասցրեք, ո՞ր մեկը ասեմ, կամ գոնե Կենտրոնական փողոցների եզրերոով անցնող խրձերով կախված լարերն ու կաբելները իջեցրեք գետնի տակ, որ շենքերի տուֆակերտ գեղեցիկ ֆասադները բացվեն, թե չէ ձեր ուշքն ու միտքը միայն մի ուղղությամբ է աշխատում` ինչը քանդեք, որ տակը վճարովի ավտոկայանատեղի կառուցեք, կամ ինչը քանդեք, որ տեղում մի 17-ից 20 հարկանի շենք կառուցենք:



Ախր, այդպիսի շենքերով միգուցե 20-րդ դարի սկզբների մարդկանց զարմացնեիք, հիմա նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրների քաղաքներում էլ լիքն են այդպիսի շենքերը, դուք հինը պահպանեք, որովհետև ցանկացած քաղաքի այցեքարտը ռեստավրացիայի (ոչ վերաձևումների) ենթարկված հին շենքերն են, ու մեկ էլ ուլտրա-ժամանակակից հսկա կառույցները, որոնց մասին պիտի մոռանանք, քանի որ ՀՀ-ի 20 տարվա բյուջեն անգամ չի բավականացնի մի այդպիսի կառույց ստեղծելու համար:



Գոնե հարևան վրացիներից սովորեք մի քիչ, տեսեք Թիֆլիսի կենտրոնի պատմական կառույցները ոնց են վերանորոգել, հիմա ձեր ձեռը ընկներ լրիվ կքանդեիք ու ձեր անճաշակ ռաբիզ շենքերով կլցնեիք: Մեր օլիգարխները միմյանց հետ մրցում են, թե ով ավելի շատ եկեղեցի կկառուցի, մեկը չեղավ այդ մարդկանց ասի, որ նոր եկեղեցիներ կառուցել պետք չի, մեր հները բոլորը իրենց ժամանակաշրջանների համար ճարտարապետական գլուխգործոցներ են (նորերը ոչ ճարտարապետական, ոչ էլ գեղագիտական ոչ մի արժեք չեն ներկայացնում), դրանք վերակառուցեք, բայց պարզվում է, որ ոչ միայն մեր օլիգարխներն են տգետ, տգետ են նաև մեր քաղաքական ու եկեղեցական վերնախավ կոչվածը, նորից Վրաստանը պիտի մատնացույց անեմ, գնացեք տեսեք՝ իրենց բոլոր պատմական եկեղեցիներն ու ամրոցները ինչպես են վերանորոգել, ինչպես են դրանց շրջակա տարածքները բարեկարգել...



Ինչ ասեմ, ցավալի է, բայց հայ ազգը, որը ընդամենը 100 տարի առաջ եվրոպական ազգ էր, այսօր վերածվել է ասիական հոտած ու հետամնաց ինչ որ հավաքականության, նայում ես մեր ջահելների նկարահանած երաժշտական տեսահոլովակներին ուղղակի լացդ գալիս է, թանկանոց ինչ որ մեքենաների ֆոնին (չտեսության ու գեղցի նյութապաշտության ցուցանիշ) տկլոր աղջիկները իրենց հետույքներն են շարժում (նույնպես չտեսության ցուցանիշ) ջազային անհասկանալի իմպրովիզներով արաբաթուքաքրդաչգիտեմինչական (ռեպով համեմված) ոռնոցների տակ, որոնք արտաբերում են բնականաբար սևազգեստ ակնոցավոր (հաճախ արդեն մոջահեդների մորուքներով) ինչ որ տղաներ, կամ էլ դեմքները չինական ավանդական թատրոններում հանդես եկող դերասանների ներկած դեմքերը հիշեցնող ինչ որ աղջիկներ, որոնք չգիտես ինչու կարծում են, թե իրենք շատ մոդայիկ են ու ժամանակակից։