Սերժ Սարգսյանի դեմն ուզում են առնել, ձեվը դեռ չգիտեն

Սերժ Սարգսյանի դեմն ուզում են առնել, ձեվը դեռ չգիտեն
«Ելք» դաշինքը, հատկապես դրա դե ֆակտո առաջնորդ **Նիկոլ Փաշինյանը**, չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի՝ այս դեպքում վարչապետի կարգավիճակով։ Դրա համար նա խոստանում է «թեւերը ծալած չնստել»։ Բայց դեռ պատկերացում չունեն կամ ունեն, չեն հստակեցնում, թե ինչ են անելու «թեւերը բացելու» պարագայում։ Թռչելու են Բաղրամյան 26-ի դարպասների վրայով եւ Սերժ Սարգսյանին դո՞ւրս հանեն այնտեղից։ Կոտրելու են Բ 26-ի դարպասնե՞րը։ Սահմանադրական-իրավական ճանապարհո՞վ են փորձելու Սերժ Սարգսյանի դեմն առնել, ինչի համար, կարծում ենք, արդեն ուշ է։



«Ես հիմա կոնկրետ հայտարարություններ չեմ կարող անել, բայց ես՝ ինքս, որպես քաղաքացի, որպես անհատ, ասել եմ արդեն՝ ինձ չեմ պատկերացնում թեւերս ծալած հետեւելիս, թե ոնց է Սերժ Սարգսյանը վերարտադրվում»,- երեկ Ազգային ժողովում հայտարարեց նա։



Շարունակությունը դեռ պարզ չէ։ Հարցրինք նրան՝ շանս կա՞ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու։ «Անձամբ ես ոչ մի շանս չունեմ, բայց ժողովուրդն ունի բոլոր շանսերը»,- ասաց նա։



-**Փողոցի՞ միջոցով**։



-Ուրիշ տարբերակ չկա։



-**Ե՞րբ սպասենք փողոցային պայքարի։ Ապրիլի 17-ին վարչապետ են ընտրելու**։



-Էս առաջիկա քաղաքական պրոցեսն ունի մի առանձնահատկություն՝ շատ կանխատեսելի է։ Ամսի 9-ին նորընտիր նախագահն ստանձնելու է պաշտոնը, Սերժ Սարգսյանը հեռանալու է պաշտոնից, կառավարությունը հրաժարական է տալու, այսինքն՝ մենք չենք ունենալու գործող կառավարություն, լինելու են պաշտոնակատարներ։ Ապրիլի 9-17-ը տեղի է ունենալու վարչապետի թեկնածուների առաջադրումը։ Ամսի 18-ին տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը։ Հիմա բոլոր հարցերը պետք է լուծվեն կամ չլուծվեն էդ ժամանակահատվածում։



-**Այսինքն՝ 8 օր ժամանակ է լինելու։ Ի՞նչ եք անելու այդ 8 օրվա ընթացքում**։



-Կոնկրետ ես՝ ինքս, ես հիմա էդ մասին մտածում եմ։



Մեր զրույցին հետեւում էր նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։ Փորձեցինք հասկանալ, թե նա է՞լ է Փաշինյանի նման մտածում՝ ինչպես կասեցնել Սերժ Սարգսյանի վերարտադրության գործընթացը։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Զեյնալյանը խուսափեց ուղիղ ձեւով Սերժ Սարգսյանի վերարտադրության տապալման մասին խոսելուց, նա ավելի «գլոբալ խնդիր» առաջ քաշեց․ «Բոլորով մտածելու ենք՝ ինչպես անել, որպեսզի ոչ ժողովրդավարական դրսեւորումը թույլ չտանք»։ Բայց չհստակեցրեց, թե որն է այդ «ոչ ժողովրդավարական դրսեւորումը»։ Առհասարակ, «Ելք» դաշինքում կարծես թե միայն Նիկոլ Փաշինյանն է, որ համարձակ արտաբերում է Սերժ Սարգսյանի անունը եւ խոսում անձամբ նրա դեմ պայքարից։ Փաշինյանի «կոալիցիոն» գործընկերների մոտ մի փոքր դժվարություն կա Սերժ Սարգսյանի, որոշ դեպքերում՝ «մեծարգո պարոն նախագահի» հասցեին ուղղակի քննադատության հարցում։



-**Փողոցային պայքարն արդյունք կտա՞, պարոն Զեյնալյան**։



-Կմտածենք՝ կասենք։ Եթե Դուք ունեք առաջարկություններ, Դուք շահագրգռված եք, կարող եք Դուք էլ ներկայացնել առաջարկներ։



-**Դուք իրավաբան եք, կասե՞ք՝ իրավական տեսանկյունից հնարավորություն կա՞ այդ պրոցեսի դեմն առնելու**։



-Ժողովուրդը մասնակցել է պետական եւ տեղական կառավարմանը, էդ բոլոր մեթոդներն ու գործիքները իրացման ձեւերից մեկն են։



-**Նաեւ փողոցային պայքա՞րը**։



-Ցանկացած ձեւ։



-**Դուք չեք բացառում, ամեն դեպքում, Բաղրամյան 26-ի դարպասները գրավելը**։



-Դե չէ, ախր տենց չի լինի, ախր մենք արդեն ասացինք, վերջացրեցինք, ինչ որ ասելու էինք, վերջացրեցինք։



-**Փողոցային պայքարի տեսակն եմ ուզում հասկանալ**…



-Մի՛ հասկացեք էդ տեսակը, էլի, թողեք մենք մեր գործն անենք, լրագրողներ ջան։



-**Մենք հասկանանք, որ փոխանցենք հանրությանը**։



-Էդ, որ ուզում եք հասկանաք ու բան եք անում, կարաք փչացնեք էդ ամեն ինչը, էդքան հեռու մի գնացեք, ինչ որ ասեցինք, հերիք ա։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**