ՀԱԿ-ը վերակենդանացման շանսեր չունի

ՀԱԿ-ը վերակենդանացման շանսեր չունի
_Հարցազրույց քաղաքագետ __**Աղասի Ենոքյանի**__ հետ_



**- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Արմեն Սարգսյանի վրա:**



Սերժ Սարգսյանը, խոսելով Արմեն Սարգսյանի մասին, ներկայացրեց, որ ցանկանում է առավելագույնս ապաքաղաքականացնել նախագահի պաշտոնը, եւ, իր պատկերացումներով, Հայաստանի քաղաքական կյանքում առերեւույթ մասնակցություն չունեցող Արմեն Սարգսյանը լավագույնն է համապատասխանում այս մոտեցմանը։ Այլ հարց է, թե որքան երկար Արմեն Սարգսյանը կմնա այդ իմիջի մեջ. վերջերս տրված հարցազրույցում նա, չներկայացնելով քաղաքական ծրագրեր, ամբողջովին չընդունեց ֆորմալ պաշտոնյա լինելու ընկալումները։



**- Պարոն Ենոքյան, արդեն իսկ հնչել է կարծիք, որ Արմեն Սարգսյանը ոչ ցանկալի ֆիգուր է ՌԴ-ի համար, եւ, օրինակ, հանրային բանախոսներից մեկը տարակուսում էր, թե Ս. Սարգսյանն ինչպես է դրա տակից դուրս գալու: Այդպե՞ս է:**



Ոչ։ Մարդը, ով բազմաթիվ սխեմաներով բազմաթիվ բիզնեսների մեջ մասնակցություն ունի Ռուսաստանում, ղազախական նավթային նախագծերում, չի կարող Մոսկվայի համար անընդունելի լինել։ Ավելին՝ սա կարող է համարվել փորձ՝ դուրս գալու Մոսկվայի կողմից սահմանված տաշիրյան վերահսկողությունից, այսինքն՝ դիվերսիֆիկացնելու ռուսական կապերը։ Կարծում եմ՝ ամերիկյան ցուցակում մանավանդ Սամվել Կարապետյանի հայտնվելուց հետո այս քայլը կարող է կարեւոր հետեւանքներ ունենալ։



**- Սերժ Սարգսյանը հայտնի է իր շախմատային հաշվարկներով եւ երբեմն՝ ինքնատիպ լուծումներով: Առժամանակ առաջ ոմանք կարծիք հայտնեցին, որ 4-րդ նախագահի պաշտոնում հարմար կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը. ՀՀ հիմնադիր նախագահն է, 3 նախագահների ինստիտուտների շարունակականության իմիտացիա կլիներ, միգուցե հետաքրքիր ֆիգուր կարող էր լինել նաեւ ՌԴ եւ արեւմտյան ընկալումների տեսակետից:**



Բայց Տեր-Պետրոսյանը խիստ քաղաքականացված ֆիգուր է, ինչը չի համապատասխանում նախագահի պաշտոնում նշանակվող գործչի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ընկալումներին։ Ավելին՝ «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխության փորձից հետո Տեր-Պետրոսյանն անընդունելի է դարձել ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժերի, այլեւ հասարակության մեծ մասի կողմից, իսկ Սերժ Սարգսյանը ցանկանում է ունենալ հնարավորինս ընդունելի, կոնսենսուսային նախագահ։



**- ՀԱԿ-ը նախաձեռնելու է խաղաղության շարժում: Ձեր կարծիքով՝ սա ՀԱԿ-ի ներքին պահա՞նջն է՝ ինչ-որ մի կերպ եւ ինչ-որ մի ժամանակ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, թե՞ ազդակներ կան իշխանություններից:**



ՀԱԿ-ը խաղաղության իր պատկերացրած մոտեցումները ներկայացրեց վերջին ընտրությունների ժամանակ, եւ դա բացարձակ չընկալվեց հասարակության կողմից, սակայն նա շարունակում է քաղաքական այս բրենդի զարգացումը՝ որպես մի ուղղություն, որն այլ քաղաքական ուժերը չեն ներկայացնում, եւ դրանով առանձնանում է հայաստանյան քաղաքական սպեկտրում, թեեւ այս ուղղությունը հիմա մարգինալ է։



Միաժամանակ, բազմիցս է ասվել, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պահանջում է ոչ պոպուլիստական, համարձակ քայլեր։ Այդ ժամանակ ՀԱԿ-ի շարժումը պետք կգա։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը դեմ չի լինի, որ ինչ-որ առայժմ աննկատ մի տեղում գոյություն ունենա նման քաղաքական մոտեցում, որն անհրաժեշտ պահին նա կկարողանա ակտիվացնել։



**- Նկատի ունենանք, որ սրանք Հայաստանում ոչ պոպուլյար թեզեր են՝ խաղաղության ծրագրերը, որը ենթադրում է փոխզիջումներ, տարածքների վերադարձ, եւ հասարակությունը դրան հայտնի ձեւով է արձագանքում՝ բացասական: Այս անգամ ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ այս առումով:**



Ներկայումս տարածքային զիջումները համարվում են անընդունելի Հայաստանում, իսկ Ղարաբաղի անկախ կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանում, այնպես որ, հիմա փոխզիջումների մասին խոսակցությունները կտրուկ հակազդեցության են արժանանում։ Կարգավորումը հիմա անընդունելի է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ նա դրանով պահմանում է իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ սիրիական, քրդական հակամարտությունների, իրանական անորոշ զարգացումների ներկա ընթացքում դա արդեն միայն Հարավային Կովկասի հարցը չէ, այլեւ ողջ մերձավորարեւելյան լայն գոտու։



Ավելին՝ կարգավորումը հիմա ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների ցանկում չէ ոչ միայն այն պատճառով, որ նա հիմա ակտիվ է բազմաթիվ ռեգիոններում, այլեւ՝ որ Ռուսաստանն այստեղ որոշակի ռեսուրսներ է ծախսում եւ ավելի խորն է խրվում, թեկուզ դիվանագիտական եւ քաղաքական առումով։ Նաեւ՝ չկարգավորված վիճակը որոշակի բանակցությունների թեմա է նաեւ Թուրքիայի հետ քննարկումներում։



Այնպես որ, կարգավորման եւ խաղաղության հարցերը հիմա պարզապես նշանակում են հրադադարի պահպանում, իսկ փոխզիջումների հերթը դեռեւս մշուշոտ ապագայում է։



**- Պարոն Ենոքյան, Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը, ըստ Ձեզ, բնական ճանապարհով մարելո՞ւ են, կա՞ն վերակենդանացման շանսեր: Ըստ որում՝ ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ մյուս քաղաքական ուժերի համար:**



Այս ուժն արդեն իսկ մարած է, իսկ խաղաղության բրենդով վերակենդանացման հույսերը, ինչպես արդեն ասացի, շատ հեռվում են։ Կարծում եմ՝ երբ գա անհրաժեշտ պահը, Սերժ Սարգսյանը չի թողնի խաղաղության լոզունգը ՀԱԿ-ի ձեռքում, այլ այն կներկայացնի ՀՀԿ-ի միջոցով, այնպես որ՝ վերակենդանացման շանսեր չեն երեւում։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա նրանք հիմնականում աֆիլացված (փոխկապակցված) են Սերժ Սարգսյանի հետ, եւ նրանց ակտիվացման անհրաժեշտությունը հենց նա էլ պետք է որոշի։



**- Ամերիկյան հնարավոր նոր պատժամիջոցների վերաբերյալ արդեն իսկ կարծիքներ են հնչել, որ դրանք անուղղակի եւ անգամ ուղղակի կարող են անդրադառնալ ՀՀ քաղաքական իմիջի վրա: Ձեր կարծիքով՝ ՀՀ-ն ե՞ւս կհայտնվի վտանգավոր գոտում:**



Նման վտանգը չի բացառվում, սակայն կոնկրետ պատժամիջոցները դեռեւս հայտարարված չեն անգամ ցուցակագրվածների համար։ Միաժամանակ, Հայաստանի վարած պրոռուսական քաղաքականությունը եւ Հայաստանում ակտիվ որոշ ռուսահայ գործիչների առկայությունը ցուցակներում նախազգուշացնող է։ Ըստ նախնական քննարկումների, պատժամիջոցների տակ են հայտնվելու ոչ միայն ցուցակում ընդգրկված անձինք, այլեւ նրանց հետ առնչություն ունեցողները։ Սակայն, կրկնեմ, Հայաստանի համար վտանգի չափը գնահատելու համար անհրաժեշտ է, որ նախ հայտարարվեն պատժամիջոցները, բայց որ ավելի կարեւոր է՝ առաջանա Հայաստանի համար աննպաստ քաղաքական իրավիճակ։



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**