Ալեքսիս Օհանյանի նամակը Դոնալդ Թրամփին

Ալեքսիս Օհանյանի նամակը Դոնալդ Թրամփին
Գործարար, ամերիկյան Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ քննադատել է ԱՄՆ նախագահի միգրացիոն նոր հրամանագիրը` միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ: Նամակում Ալեքսիս Օհանյանը նշել է, որ ինքը հանդիսանում է հայ ներգաղթյալ ընտանիքի շառավիղ եւ եթե չլինեին հայ ներգաղթյալները, Ամերիկան չէր ունենա Reddit կայքը: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն:



«Ես հայ ներգաղթյալների շառավիղ եմ, որոնք Ցեղասպանության ժամանակ ստիպված էին ապաստան փնտրել: Նախ նրանք ապաստան գտան Սիրիայում, ապա` ԱՄՆ-ում: Իմ նախապապն ու նախատատը Ամերիկայում ունեցան չորս զավակներ: Նրանցից մեկը` իմ պապը, ամուսնացավ հայ գաղթականուհու հետ, ով Միացյալ Նահանգներ էր եկել Ֆրանսիայից: Մայրս ծնունդով Գերմանիայից է: Նախնիներս խիզախ փախստականներ էին, ովքեր իրենց օթեւանը գտան այս երկրում: Եթե չլինեին նրանք, չէի լինի նաեւ ես, եւ չէր լինի նաեւ Reddit-ը»,- գրել է Ալեքսիս Օհանյանը:



Ամերիկահայ գործարարը Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը որակել է հակաամերիկյան եւ հավելել, որ Reddit-ը մշտապես ողջունելու է իր թվային համայնքում ներգաղթյալներին եւ նրանց շառավիղներին: Նա նաեւ հիշեցրել է, որ ամերիկացի ժողովուրդը ներգաղթյալների սերունդներից կազմված ժողովուրդ է: