Մի ձախողված հեղաշրջման պատմություն

Մի ձախողված հեղաշրջման պատմություն
Սեյրան Օհանյանի՝ նախարարական աթոռից «գահավիժման» հետ մեկտեղ, պարզվում է, վիժեցվել է մի ծրագիր, որը, ըստ նախաձեռնողների, կարող էր մեծ օգուտներ բերել բանակին, երկրին։ Անհամեմատ ավելի, քան Վիգեն Սարգսյանի 1000 դրամների նախաձեռնությունն է։ Գաղափարը եղել է Ամարասի Արթուրինը՝ Արթուր Ալեքսանյանինը եւ նրա մարտական ընկերներինը։ Դեռեւս Օհանյանի նախարար աշխատած ժամանակահատվածում այս խումբը պաշտպանության նախարարին է ներկայացրել աշխարհասփյուռ հայ սպաներից վետերանների միություն՝ հասարակական կազմակերպություն ստեղծելու նախագիծը եւ առաջարկել համատեղ ուժերով կյանքի կոչել այս ծրագիրը։ Սկսել են քննարկում-հավաքներ անել այս թեմայով, կապի են դուրս եկել աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ նախկին սպաների հետ։



Մի քանի հավաքների անգամ ինքը՝ նախարարն է մասնակցել։ Նախաձեռնողները նպատակ են ունեցել այդ կազմակերպության ստեղծմամբ օժանդակել բանակին թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական պատրաստվածության եւ այլ հարցերով։ Օտար ափերում ապրող նախկին սպաներից ոմանք անգամ իրենց առաջարկներն են ներկայացրել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, թե ինչով կարող են օգնել բանակին։ Գտել են ռեսուրսներ դրսում, որոնց հաշվին կարելի էր համալրել բանակի զինանոցը՝ ասենք, միանգամայն պիտանի, բայց դուրս գրվող սարքեր եւ այլն։ Մի օր էլ նախաձեռնող խմբին է այցելել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել այս աշխատանքներում, խոստանալով տրամադրել 90-ականներից ծառայած սպաների տվյալները, որոնք պահպանվել են իր մոտ։ Նախաձեռնության մասին տեղյակ են եղել նաեւ նախագահականում, այդ հարցերով զբաղվել է Պնախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը։ Կազմակերպության պատվավոր նախագահը պետք է լիներ զինված ուժերի գերագույն հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը, իսկ միության ղեկավարը՝ ի պաշտոնե պաշտպանության նախարարը։



ՀԿ-ի գրանցման փաստաթղթերը գրեթե պատրաստ են եղել, սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել՝ ԱԱԾ-ն հայտնաբերել է Արթուր Վարդանյանի՝ Նորքի զինված խմբին, որը, պաշտոնական վարկածով, զինված հեղաշրջում էր պատրաստվում իրականացնել իշխանությունների դեմ, եւ այդ գործի շրջանակներում ձերբակալվել է միության ակտիվ նախաձեռնողներից Վահան Շիրխանյանը, ինչը խանգարել է ՀԿ-ի գրանցմանն ու ստեղծմանը։ Հենց նույն օրը Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Ամարասի Արթուրի հետ եւ մտահոգված հայտնել, թե «Շիրխանյանը գլխներիս ուզում էր սարքել»։ ՊՆ-ի ներկայացուցիչը՝ Վարդան Ավետիսյանը, հորդորել է հետաձգել այս նախաձեռնությունը եւ խորհուրդ է տվել․ «Չարժե կրակի վրա յուղ լցնել»։ Միության նախաձեռնողներն այսօր արդեն վերլուծելով կարծում են, որ Վահան Շիրխանյանը մտադիր էր կապող օղակ դառնալ Վարդանյանի խմբի եւ իրենց միջեւ՝ նոր ստեղծվող միությունը ներքաշելով հակաիշխանական պրոյեկտի մեջ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**