Նախ՝ հաղթահարենք վախը

Նախ՝ հաղթահարենք վախը
Օրեր առաջ մեր թղթակիցը դուրս էր եկել փողոց եւ փորձել էր լսել մեր համաքաղաքացիների կարծիքները ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի մասին։ Թվում է՝ այսօր քննարկվող ամենաակտուալ հարցերից է, եւ մենք որոշել էինք հրապարակել ոչ միայն հանրային ճանաչված անձանց կարծիքները, այլեւ քննարկմանը մասնակից դարձնել շարքային մարդկանց։ Հետո՞ ինչ, որ նրանք այլեւս զրկված են ՀՀ նախագահ ընտրելու հնարավորությունից, կարծիք հայտնելու հնարավորությունից էլ հո չե՞ն զրկվել։ Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ տեսանյութը դիտելիս հայտնաբերեցինք, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը պարզապես խուսափում է իր կարծիքը հայտնելուց, խուսանավում է, ստում, կեղծում, փախչում հարցից։



Միայն հատուկենտ մարդիկ են համարձակվում բաց եւ ուղղակի արտահայտվել տեսախցիկի առաջ։ Մինչդեռ հարցն իր մեջ ո՛չ կրիմինալ է պարունակում, ո՛չ էլ հետագա հետեւանքներով է հղի։ Բայց մարդիկ զգույշ են՝ չափից ավելի։ Իսկ երբ հանրությունը վախի մեջ է եւ խուսափում է անգամ նման անմեղ հարցի շուրջ կարծիք հայտնելուց, ինչպե՞ս կարող է ավելի կարեւոր հարցերում ինքնադրսեւորվել։ Ասենք՝ գնալ ընտրության եւ քվեարկել խղճի մտոք, համարձակվել եւ քննադատել իշխանություններին, չվախենալ եւ դեմ գնալ թաղի, մարզի, երկրի կրիմինալին։



Վախն ամենակազմալուծող, ամենավնասաբեր, ամենահակամարդկային զգացումներից է։ Վախեցող հասարակությունը չի կարող ազատվել ստրուկի, ճորտի հոգեբանությունից։ Վախեցող հասարակության հետ ամեն ինչ կարելի է անել եւ անպատիժ մնալ՝ խլել նրա քվեն, զրկել ձայնի իրավունքից, շահագործել ու չվճարել, հալածել ու անպատիժ մնալ։ Սեփական ձեռքով սեփական երկիր կառուցելու, իշխանություն ձեւավորելու իրավունքի դրսեւորումը պետք է սկսվի վախի հաղթահարումից։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**